«ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջին անգամ միանում է Եվրոպայի Խորհրդի նախաձեռնությանը, որը կոչվում է «Թանգարանների գիշեր» համաշխարհային ակցիային»,- այս մասին տեղեկացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստինե Մեհրաբեկյանը:
Ք. Մեհրաբեկյանի հաղորդմամբ` մայիսի 16-ին` ժամը 20-ից մինչև կեսգիշեր, ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր` Փարիզի Ֆոնտենուայի հրապարակում գտնվող նստավայրի դռները կբացի հասարակության առջև` ներկայացնելով 50 տարիների ընթացքում ձեռքբերված արվեստի նմուշների սեփական հավաքածուն:
Ք. Մեհրաբեկյանը նաև նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մայիսի 21-ին նշվում է մշակութային երկխոսության և բազմազանության համաշխարհային օրը, ինչի շրջանակներում մայիսի 11-22-ն անցկացնում է Մշակույթային բազմազանության խրախուսման համաշխարհային փառատոն:
«Բոլոր միջոցառումները միտված են տարբեր մշակույթների փոխանակումներին, ժողովուրդների միջև փոխընբռնման և խաղաղության խրախուսմանը, որում կարևոր դեր են խաղում թանգարանները»,- ընդգծեց Ք. Մեհրաբեկյանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչը «Թանգարանների գիշեր» ակցիային ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը բացատրեց նաև այն հանգամանքով, որ այս տարի Մշակութային բազմազանության խրարուսման համաշխարհային փառատոնի անցկացումը համընկնում է մեկ այլ օրվա` մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվա հետ:
15.05.2009, 17:46
No comments:
Post a Comment