«Երևանի ավագանու մասին օրենքը, նախատեսելով բազմակուսակցական ավագանի, ընտրությունները դարձնում է քաղաքական: Թեև ընտրությունները, լինելով քաղաքական իրենց ձևաչափով, Հայաստանում այնքան էլ քաղաքական չեն և հեռու են քաղաքական մշակույթի այն մակարդակից, որը բնորոշ է ժողովրդավարությանը», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Քաղաքական մշակույթից ընտրությունների հեռու լինելը» Լ. Գալստյանը բացատրեց այս ընտրությունների ընթացքում ևս «Հայաստանին բնորոշ շեղված տարբերակները ընթացքի մեջ դնելով, այդ թվում` ընտրակաշառքները, ցուցակների կազմումը, բոլոր հնարավոր ռեսուրսների օգտագործումը` ներառած վարչականը, նյութականը, քրեականը, քրեագողականը, «հեղինակությունները» և գաղափարական պայքարից հեռու շահերի բախումը»:
«Դաշնակցությունը կարևորում է այս ընտրությունների քաղաքական պատկեր ունենալը, քանի որ այսօր հայաստանյան իշխանությունները ունեն լեգիտիմության խնդիր», - հայտնեց Լ. Գալստյանն ու հավելեց, որ Հայաստանի «իշխանությունների լեգիտիմության, Հայաստանում խաթարված սոցիալական համերաշխության համար միակ այլընտրանքն արդար ընտրություններն են, որոնք կապահովեն երկրի ներքին կայունությունը և երկիրը կդարձնեն անխոցելի թե արտաքին և թե ներքին մարտահրավերների համար»:
ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, որ նախընտրական քարոզարշավին չեն անդրադառնում և շեշտը չեն դնում իրենց` իշխանական կոալիցիայից դուրս գալու հիմնական պատճառի` հայ-թուրքական հարաբերությունների վրա, քանի որ դրանք գտնվում են տարբեր հարթություններում:
«Աղբահանությունից մինչև Երևանի քաղաքաշինական նկարագիրը բազմաշերտ, իրապես քաղաքական լուծումներ պահանջող խնդիրներ են: Այս պահին Երևանի բնակիչների հետ հանդիպման ընթացքում այնքան էլ ճիշտ չէ երևանցուն հուզող օրվա խնդրից քարոզարշավը տանել հայ-թուրքական հարաբերություններ», - բացատրեց Լ. Գալստյանը:
Նա նաև նշեց, որ այդպիսի քարոզարշավ «շատերն են ուզում տեսնել` իբր մենք այդպիսով ընտրութուններից առաջ ընդդիմադիր կեցվածք ենք դրսևորում»: Լ. Գալստյանը համոզված է, որ արտաքին քաղաքականությունում ունեցած ՀՅԴ հայացքները պետք է տարանջատել Երևանին առնչվող խնդիրներից:
13.05.2009, 17:07
No comments:
Post a Comment