«Աշխատում ենք կյանքի առավել ծանր պայմաններում հայտնված երեխաների համար, նրանց, ում կյանքին վտանգ է սպառնում, ով չի կարող ապրել իր ընտանիքում, ով հայտնվել է փողոցում, ով լքվել է ծնողների կողմից, ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնությունների, ով կրթական համակարգից դուրս է մնացել, ով խնդիրներ ունի օրենքի հետ»,- հայտնեց Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Մ. Անտոնյանը տեղեկացրեց, որ Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնը գործում է 2000 թ-ից և մինչ օրս սպասարկել է մոտ 5000 երեխաների, այդ թվում` միայն 800-ին անցյալ տարվա ընթացքում, ովքեր կենտրոն են եկել Հայաստանի տարբեր մասերից, մերձավոր Սփյուռքից, Աբխազիայից, Ռուսաստանից:
«Սա ոչ թե մի փոքրիկ նվիրատվության տրամադրում է, այլ աշխատանք է երեխայի և նրա ընտանիքի հետ, որից հետո նրանց ճակատագիրը փոխվում է դեպի լավը»,- ընդգծեց Մ. Անտոնյանն ու նշեց, որ կենտրոնը երեխաների պաշտպանությամբ զբաղված է տարվա 365 օրերին, օրեկան 24 ժամ` առանց հանգստյան օրերի և ժամերի:
Շատ դեպքերում կյանքի դժվարին պայմաններում հայտնված անչափահաս երեխաներն ապաստանում են կենտրոնում այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել նրանց խնդիրների լուծումը: Կենտրոնի տնօրենի խոսքերով, կենտրոնի աշխատակիցներն ամեն ինչ անում են, աշխատում են երեխաների ընտանիքների հետ, որպեսզի երեխային վերադարձնեն ընտանիք:
Այս նպատակով կենտրոնն առաջարկում է բազմաբնույթ աջակցություններ ու ծառայություններ` յուրաքանչյուր դեպքի համար: Մ. Անտոնյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի իրենց կենտրոն եկած երեխաների 65 տոկոսը վերադրաձվել են սեփական, կայուն ընտանեկան միջավայր, միայն 35 տոկոսին է, որ ստիպված են եղել տեղավորել տարբեր հաստատություններում, այդ թվում` մանկատներ, վարքային դժվարություններ ունեցող երեխաների համար գիշերօթիկ դպրոցներ և այլն:
Մ. Անտոնյանը նշեց նաև, որ շատ են այն ընտանիքները, որոնք պատրաստակամություն են հայտնում` ուրիշի երեխաներին պահելու: Ներկայումս կենտրոնում գրանցված են 300 այդպիսի ընտանքիներ, որոնցից 30-ն արդեն խնամքի տակ երեխա ունի:
Անդրադառնալով մուրացկանությամբ և թափառաշրջությամբ զբաղվող երեխաներին` Մ. Անտոնյանը նշեց, որ այդպիսի երեխաների թիվը մոտ 10 անգամ նվազել է, սակայն դեռևս շատ են օժանդակության կարքի ունեցող այնպիսի երեխաները, ովքեր խնդիրներ ունեն դպրոցում, հասակակիցների հետ, փողոցում: Նա վստահ է, որ կենտրոնի առավել ակտիվ և բազմակողմանի աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի բացահայտել ավելի մեծ թվով օգնության կարիք ունեցող երեխաների:
Տեղեկացնենք, որ կենտորնի օժանդակությանը դիմելու և անապահով ու կյանքի դժվար պայմաններում հայտնված երեխաների մասին տեղեկացնելու համար գործում է թեժ գիծ, որի հեռախոսահամարներն են 24-15-80` Երևանում և 0-800-61-111` ողջ Հանրապետության տարածքում:
29.05.2009, 20:20
No comments:
Post a Comment