«Ես առաջարկում եմ «մտահոգված լինելով հայրենքի ապագայով» բառերը փոխարինել «ոգևորված լինելով հայրենքի ապագայով» բառերով: Եթե երիտասարդների մասին է խոսքը գնում, մեր ապագան պետք չէ տեսնել մութ»,- ողջունելով «Քաղաքական սերնդափոխության ակումբի» հիմնադրումը` ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում «Ազգային ժողովրդական դաշինք» (ԱԺԴ) կուսակցության հիմնադիր նախագահ Արշակ Սադոյանը հռչակեց «Քաղաքական սերնդափոխության ակումբի» հիմնադրումը:
Չհամաձայնելով նորաստեղծ ակումբի ստեղծման պատճառներից մեկի` «Հայաստանի թե´ իշխանական, թե´ ընդդիմադիր ճամբարներում բացակայում են անհրաժեշտ պայմանները սահուն և շարունակական սերնդափոխություն իրականացնելու համար» դրույթի հետ, Լ. Ալավերդյանը նշեց, որ ինքը համոգված է, որ «հենց հայաստանցի տեսակը նախապայման է ազատ արտահայտվելու համար»:
«Այլ է, որ լրացուցիչ պայմաններ ստեղծելու համար արժե այսպիսի նախաձեռնությունը ողջունել»,- ընդգծեց Լ. Ալավերդյանն ու հավելեց, որ շատ հաճախ «առաջին հայացքից իմիտացիոն բնույթ կրող գործընթացները ունեն դրական զարգացում»:
Հանդիպմանը ներկա բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, ողջունելով նախաձեռնությունը, նշեց, որ երիտասարդների հետ աշխատանքը «կարևոր նշանակություն ունի և´ այսօրվա, և´ վաղվա կյանքում»: Նա ևս մտահոգություն հայտնեց` ասելով, որ «աշխարհում միլիարդավոր մարդիկ միտք են չարչարում, որպեսզի փոփոխություններ մտցնեն մեր իրականության մեջ, բայց այդ բոլորն իզուր ջանքեր են»:
Ակումբի ստեղծումը ողջունեց նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ասելով, որ «աջակցելու է ակումբի և դրա երիտասարդների աշխատանքներին»:
«Մենք պետք է փորձենք ոչ թե երիտասարդացնել գաղափարախոսությունը, այլ պատմության խորքերից եկած գաղափարախոսության կրողները դարձնել մեր երիտասարդներին և նախապատրաստել ապագայի բոլոր խնդիրներին»,- հայտնեց Գ. Սահակյանը:
Ամփոփելով իր խոսքը` Գ. Սահակյանը հայտնեց այն համոզմունքը, որ «բոլոր խնդիրների լուծումը տեսնում է որոշակի տարիների ընթացքում, իսկ դրանք լուծողները երիտասարդներն են»:
07.05.2009, 21:00
No comments:
Post a Comment