«Փողերը ստանալու ենք Հայաստանի համաֆինանսավորման 30 տոկոսի չափով գումարի համապատասխան հաշվին մուտքագրվելու պահից հետո` երկու բանկային օրվա ընթացքում», - պատասխանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` «ե՞րբ ենք փողերը» ստանալու հարցին, հայտնեց ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը:
Տեղեկացնենք, որ ՀՀ Կառավարության այսօրվա նիստում Գ. Սարգսյանը ներկայացնում էր Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող կենսական նշանակությամբ ճանապարների բաերկարգման շրջանակներում Հոռոմ-Նոր կյանք-Փանիկ-Սպանդարյան-Գեղանիստ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների և շինարարական աշխատանքների հսկման խորհրդատվական ծառայությունների գնման մրցույթների արդյունքները հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը:
Պատասխանելով վարչապետ Տ. Սարգսյանի մի շարք հարցադրումներին` նախարար Գ. Սարգսյանը տեղեկացրեց, որ «Համաշխարհային բանկից ընդհանուր առմամբ ստանալու ենք 25 մլն դոլար, առաջին տրանշը կլինի մոտ 7.5 մլն դոլար: Նախարարը նաև նշեց, որ սույն գումարը «կստանանք, երբ մայիսի 13-ին Կառավարությունը կհրապարակի համաֆինանսավորման մասին որոշումը, 14-ին այն կմտնի ուժի մեջ, որից հետո երկու օրվա ընթացքում` ենթադրվում է մայիսի 16-ին»:
«7.5 միլիոն դոլարն ինչքա՞ն ժամանակում կիրացնեն մեր շինարարները» Տ. Սարգսյանի հարցին նախարարը պատասխանեց, որ «այն կանխավճար է և կիրացվի շատ շուտ` անմիջապես` ամենաքիչը մեկ ամսվա ընթացքում: Գ. Սարգսյանը, մանրամասնելով, ասաց, որ «այնուհետև ամեն ամիս ստանալու են գումարի 10 տոկոսը, իսկ եթե գերակատարեն պլանավորված աշխատանքները, ապա կստանան կատարված աշխատանքին համապատասխան գումարը»:
«Շինարարական ծրագրի համաձայն` 25 միլիոնի իրացումն ավարտում ենք դեկտեմբեր ամսին»,- հստակեցրեց Գ. Սարգսյանը` չբացառելով, որ աշխատանքները կարող են ավարտին հասցվել ծրագրած ժամանակից շուտ:
Վարչապետը հաշվարկներ արեց հականալու համար, թե «որտեղ են ծախսվելու 85 մլն տրանշի գումարները»: Նա նաև տեղեկացավ, որ 2 մլն հատկացվելու է Գյուղատնտեսական ծրագրերի կատարմանը:
Պատասխանելով Տ. Սարգսյանի հարցերին` ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հստակեցրեց, որ «իրենք բոլոր ծրագրերը ներկայացրել են, մնում է, որ Համաշխարհային բանկը համապատասխան գումարը փոխանցի»:
«Մոտավորապես ե՞րբ ենք ստանալու: Ո՞վ կարող է պատասխանել այս հարցին»,- անընդհատ կրկնում էր Տ. Սարգսյանը, որին ի պատասխան Ն. Երիցյանը խոստացավ Համաշխարհային բանկի գրասենյակից ճշտել:
Կապի և տրանսպորտի նախարարը նշեց նաև, որ բանակցություններ են ընթանում գյուղական ճանապարհների շինարարությունն իրականացնելու համար հաջորդ փուլի լրացուցիչ միջոցներն ստանալու վերաբերյալ: Բանակցությունների ընթացքում պետք է իրականացվեն անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման աշխատանքները, որի արդյունքում «շատ հնարավոր է, որ Համաշխարհային բանկն ուղարկի նաև մնացյած 36 մլն դոլարը»:
Պատասխանելով վարչապետի հարցին, Գ. Սարգսյանը հայտնեց, որ «իրատեսական է համարում լրացուցիչ միջոցների ստացումն այս տարվա ընթացքում, որը կլինի բանակցությունը սկսելուց 3 ամիս հետո»: Նա տեղեկացրեց, որ բանակցությունները սկսված են և հունիսին դրանք անցնելու են ավելի ռեալ փուլ, որի ժամանակ էլ պարզ կդառնա` «հնարավո՞ր է ստանալ այդ միջոցները, թե՞ ոչ»:
Նախագիծը միաձայն հաստատվեց Կառավարության կողմից:
07.05.2009, 13:31
No comments:
Post a Comment