Մայիսի 28-ին` Բաշ-Ապարան հերոսամարտի հաղթանակի տարելիցի կապակցությամբ, Ապարանում մի շարք միջոցառումներ են ծրագրվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Նիգ-Ապարան» հայրենակցական միության փոխնախագահ Տիգրան Պետրոսյանցը:
Տ. Պետրոսյանցի խոսքերով, Ապարանում կազմակերպվելիք միջոցառումներին կարող են մասնակցել նաև երևանաբնակները, որոնց համար նախատեսված ավտոբուսները վաղ առավոտյան կշարժվեն Ապարան:
«Ճանապարհին փոքր կանգառ կունենանք Տառարձանների մոտ, ապա Ապարանի հրապարակում մեզ կսպասի դիմավորման արարողությունը»,- տեղեկացրեց Տ. Պետրոսյանցը:
Նա նաև նշեց, որ Ապարանի հրապարակում ծաղկեպսակներ կդրվեն Ապարանի ճակատամարտի կազմակերպիչ Սեդրակ Ջալալյանի և հրամանատար Դրաստամարտ Կանայանի հուշարձանների մոտ: Ապա ներկաները կքայլեն հրապարակից դեպի Վերածնունդ հուշարձան, որտեղ ծաղկեպսակներ կդրվեն Արցախյան հերոսամարտում զոհված ապարանցիների հիշատակի կոթողի, Ապարանի 1918 թ-ի հուշասյան, Դրաստամատ Կանայանի շիրմաքարի առջև:
«Ապա տեղի կունենա միջոցառումների համերգային մասը, որին կհաջորդի ապարանյան հյուրասիրությունը»,- օրվա ժամանակացույցը ներկայացնելով` հայտնեց Տ. Պետրոսյանցը:
«Նիգ-Ապարան» հայրենակցական միության փոխնախագահը խոսեց մայիսյան հաղթանակների, դրանց արդյունքների ու կարևորության մասին: Ավարտելով պատմական ակնարկը, Տ. Պետրոսյանցը նշեց, որ «անկախ այսօրվա քաղաքական ենթատեքստից` հայ ժողովուրդը պատրաստ է հայրենիքի համար կանգնել նույն պատրաստակամությամբ, ինչպես 1918 թ-ին, ինչպես Արցախյան հերոսամարտի տարիներին»:
26.05.2009, 16:24
No comments:
Post a Comment