Tuesday, May 19, 2009

Ա. Մարտիրոսյանը ևս ընդհարումներում քաղաքական կողմ չի տեսնում


«Դատապարտում եմ բոլոր այն խուլիգանությունները, որոնք այս մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցան Երևան քաղաքի տարբեր համայնքներում: Ես կարծում եմ, որ ուժային կառույցներն անհապաղ պետք է գտնեն մեղավորներին և նրանց արագ պատժեն»,- ԱԺ այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Ա. Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Երևանի ՏԻՄ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցությունը ստանձնել է վերահսկողի դեր: Նա նշեց, որ «ցավում է, որ այդ ընդհարումների ժամանակ շրջանառվում են հանրությանը բավականին ծանոթ անուններ»:

«Պետք է նշեմ, որ ոստիկանության աշխատակիցը հաղորդում է, որ տեղի է ունեցել քաղաքական բանավեճ, ուղղակի մի փոքր բարձրաձայն, իսկ քաղաքական դաշտի ներկայացուցիչները տեղի ունեցածը ներկայացնում են որպես կենցաղային հողի վրա տեղի ունեցած վիճաբանություն»,- հայտնեց Ա. Մարտիրոսյանը:

Ա. Մարտիրոսյանի խոսքերով, ակնհայտ է, որ տեղի ունեցածը «չունի քաղաքական կողմ: Հակառակ պարագայում այսօր խորհրդարանում այլ պատկեր կտեսնեինք»: Նա ընդհարումները բացատրում է այլ կերպ, այն է` «որոշակի թաղային, համայնքային հեղինակությունների պայքար` իրենց տարածքներում իրենց ծանրակշիռ լինելու հանգամանքը պարզելու շուրջ»:

«Սա ընտրական պրոցեսից չէ, այլ քրեական օրենսգրքի դաշտից»,- ընդգծեց Ա. Մարտիրոսյանն ու կոչ արեց ընդհարումների մասնակիցներին «հեռու մնալ, քանի որ վաղը չէ մյուս օրը` մայիսի 31-ից հետո, իրենց այլևս պետք չեք գալու. սա ընդամենը մի մեծ խաղի մի փոքր դրվագ է, որին իրենք մասնակցում են անկախ իրենց կամքից»:

«Կոալիցիոն գործընկերները շարունակելու են միմյանց հանդեպ հավատարիմ մնալ մայիսի 31-ից հետո էլ, և նրանց այս գործունեությունը մկաններ ցուցադրելու գործառույթ է»,- իր հայտարարությունն ավարտեց Ա. Մարտիրոսյանը:

19.05.2009, 18:22

Aysor.am

No comments:

Post a Comment