Sunday, May 31, 2009

Նախկին վարչապետը ցանկանում է, որ Հայաստանը «հաղթող դուրս գա»














«Ճգնաժամի հիմնական արմատն արհեստական պահանջարկն է»,- հայտարարեց Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը «Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին» տնտեսագիտական ֆորումի ընթացքում:

Նախկին վարչապետի բացատրություններից հասկանալի է դառնում, որ արհեստական պահանջարկն առաջացնում է արտադրության ավելացում, ինչը նպաստում է մարդկանց` ապրանքներ գնելու ձգտման աճին, որի համար տրամադրվում են վարկեր: Այդ վարկերն էլ արդյունքում դառնում են անսահման: Հենց անսպառ վարկն էլ հանգեցնում է տնտեսական ճգնաժամի:

Միևնույն ժամանակ Վ. Մանուկյանը համոզված է, որ «բացասական արդյունքների հետ, ճգնաժամը բերում է նաև առողջացման»:

«Ոչ մրցունակները վերանում են, ճանապարհ է բացվում առավել մրցունակների համար»,- մանրամասնեց Վ. Մանուկյանն ու ավելացրեց, որ ճգնաժամի արդյունքում «հազար տուժողից մեկը հաղթող է դուրս գալիս, և շատ լավ կլիներ, որ այդ մեկը լիներ Հայաստանը»:

Հայաստանի համար ճգնաժամից հաղթող դուրս գալու զգալի հնարավորություններ չտեսնելու պատճառով էլ նախկին վարչապետը սկսեց բացատրել, որ «Հայաստանն ունի երկու ճգնաժամ` մեկը թելադրված է դրսից, երկորդը` վաղուց է` արդեն 15-20 տարի, և պայմանավորված է անցումնային փուլով, նաև մեր ներքին խնդիրներով»:

Չունենալով ճգնաժամի կարճման և դրական արդյունքներ գրանցելու լուծումներ` Վ. Մանուկյանը կոչ արեց բոլոր նրանց, ովքեր ունեն, առաջարկեն այդ լուծումները` դրանք միասին քննարկելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

25.05.2009, 19:23

Aysor.am

No comments:

Post a Comment