Wednesday, May 6, 2009

«ՀԱԿ-ն աշխատում է Հանրապետականի օգտին»

«Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց, որ Մարաշը կստանա շուրջօրյա ջուր, որն անհնար է երևանյան պայմաններում: Դա բլեֆ է»,- հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը:

Նա տեղեկացրեց, որ Երևանի ջրամատակարարման վերաբերյալ երեք հետազոտություն է արել` Համաշխարհային բանկի պատվերով, և լավ է տիրապետում այդ խնդիրներին: Նա վստահեցրեց, որ «անհնար է Երևանի նման բազմահարկ շենքերի, 400 մետր բարձրությունների տարբերության պայմաններում շուրջօրյա ջուր տալ` ոչ միայն ծավալային առումներով, այլև տեխնիկական խնդիրներից ելնելով»:

«Պատկերացրեք, երկու հարկանի շենք է և 10 հարկանի շենք է: 10 հարկանի շենքի համար մղված ջրի ուժին չեն դիմանա երկու հարկանի շենքի փականները: Բացի այդ, Երևան մտնող ջրի զգալի մասը գնում է գետնին, քանի որ խողովակների մեծ մասը փտած է, ինչի վերականգման համար հարյուրավոր միլիոն դոլարներ են պետք, և ոչ ոք իր վրա չի կարող վերցնել այդ խնդրի լուծումը»,- մանրամասնեց սոցիոլոգը:

Ա. Ադիբեկյանն անդրադարձավ ՀԱԿ-ի վարած քարոզարշավի բնույթին, որը «շատերի կողմից քաղաքական է գնահատվում», չնայած, ըստ սոցիոլոգի, «սոցիալական» է: Նա հայտնեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը` որպես քաղաքական գործիչ, «բարձր վարկանիշ ունի, բայց որպես քաղաքապետ` մոտ 4 անգամ պակաս»: Մեջբերելով ընտրությունների վերաբերյալ իրենց ուսումնասիրությունների արդյունքները` նա տեղեկացրեց, որ «քաղաքապետին` որպես քաղաքական գործիչ ընդունողների 20 տոկոսը նախընտրում է իշխանական թեկնածուին, 12 տոկոսը ընդդիմության, 17-ը` չեզոք է»:

«Հիմա եթե նա (Aysor` Լևոն Տեր-Պետրոսյանը) քաղաքականացնում է ընտրությունները, ստացվում է, որ իրեն մի ձայն բերելու հետ միասին, երկու ձայն է բերում Հանրապետականին, այսինքն` իր քարոզարշավը աշխատում է Հանրապետական կուսակցության օգտին»,- բացատրեց Ա. Ադիբեկյանը:

Ա. Ադիբեկյանը համոզված է, որ «ՀԱԿ-ը շատ սխալ մարտավարություն է ընտրել. նա, հակառակը, պետք է փորձի ապաքաղաքականացնել իր քարոզարշավը»:

06.05.2009, 17:31

Aysor.am

No comments:

Post a Comment