Thursday, May 14, 2009

Ա. Ադիբեկյան. «Պետք չէ մեզ հետ կռվել, մեզ պետք է օգտագործել»

«Եթե տվյալը, որը ես ստացել եմ, վնասում է իմ պատվիրատուին, նա իհարկե արգելում է այդ տվյալը հրապարակել, բայց նա չի ստիպում ինձ տվյալը փոխել, կեղծել: Այդ դեպքում` ես եմ հրաժարվում», - հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Ա. Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հիշատակեց մի քանի օրինակներ, երբ պատվիրատուն դիմել է իրեն` սոցիոլոգիական հարցումների արդյունքները փոխելու համար:

«Մի անգամ պատվիրատուն ասաց` կարո՞ղ ես 3 տոկոսը դարձնել 30 տոկոս: Ասացի, որ կարող եմ, բայց թանկ արժե` իմ կենտրոնի 20 տարվա եկամուտը, քանի որ, եթե ես սխալվեմ, ինձ ոչ ոք լուրջ չի ընդունի, և ես ստիպված կլինեմ փակվել», - պատմեց Ա. Ադիբեկյանն ու հավելեց, որ իր կետրոնի կողմից տրամադրած տվյալներով 3-6 տոկոսի ձայների հավաքման հնարավորություն ունեցող պատվիրատուն «հետո հավաքել է 3 տոկոս ձայն»:

Ա. Ադիբեկյանն այդպիսի օրինակներ շատ ունի, երբ սոցիոլոգիական հարցումներին կասկածանքով վերաբերվողները հետո համոզվել են, որ «ինքը երբեք չի սխալվում»:

«1996 թ-ին ասացի, որ Լևոր Տեր-Պետրոսյանը ջախջախիչ պարտություն է տանելու, քանի որ կորցնում է օրական 1.5 տոկոս ձայն: Դեմիրճյանի բախումն ինձ հետ գիտեք, թե «Ես առանց սոցիոլոգիայի կհաղթեմ», բայց չհաղթեց: Արսենյանը` «մենք կմտնենք խորհրդարան, թող սոցիոլոգները բացատրեն` ոնց», ու չանցավ», - թվարկեց Ա. Ադիբեկյանն ու ընդգծեց. «Պետք չէ մեզ հետ կռվել, մեզ պետք է օգտագործել, ինչպես օգտագործում են ջերմաչափը, դեղը կամ ռենտգեն ապարատը»:

14.05.2009, 15:10

Aysor.am

No comments:

Post a Comment