«Իմ արվեստում ամենից շատ գերիշխում է մարդը` հատկապես իր ներաշխարհով: Հայտնի մարդկանց մեկ անգամ ևս բացել նկարի միջոցով` մի ամբողջ հարստություն է, սակայան ինձ համար առանձնակի հաճույք է նաև հասարակ մարդուն նկարելը, քանի որ նրա ներաշխարհը շատ հետաքրքրական է», - հայտնեց լուսանկարիչ, գեղանկարիչ Սամվել Սևադան, ում լուսանկարների ցուցահնդեսի բացումը տեղի ունեցավ այսօր ՀՀ ԱԺ Կանաչ սրահում:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ինչպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ խոսնակ Արևիկ Պետրոսյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, այնպես էլ ԱԺ պատգամավորներ և մշակույթի բնագավառի մի շարք ներկայացուցիչներ:
Տեղեկացնենք, որ Ս. Սևադան 1974 թ-ին ավարտել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան: Մեկ տարի անց Աբովյան քաղաքում հիմնադրել և ղեկավարել է Մանկական գեղարվեստի դպրոց: Այնուհետև, տեղափոխվելով ԱՄՆ, նկարիչը 1990 թ-ին Լոս Անջելեսում հիմնել է «SEVADA ART STUDIO»-ն: Մոտ 20 տարի ԱՄՆ-ում ապրել և ստեղծագործելուց հետո վերադառնալով Հայաստան` Ս. Սևադան Երևանում հիմնադրում է նկարչական դպրոց, որտեղ ստեղծագործելուն զուգահեռ ուսուցանում է մանուկներին ու երիտասարդներին:
ԱՄՆ-ում ապրելն ու ստեղծագործելը շատ բան է տվել նկարչին: Նրա խոսքերով դա առաջին հերթին ազատությունն էր, ապա մատուցելու արվեստը, ինչն իր հետ բերել է Հայաստան:
«Այժմ փնտրում եմ մեր` հայկական արմատներն Արևմտյան Հայաստանում: Անցած տարի շրջել եմ Արևմտյան Հայաստանի մի մասով, այս տարի նախատեսում եմ ավելի շատ վայրերում լինել», - հայտնեց Ս. Սևադան:
Հարկ է նշել, որ լուսանկարիչը հեղինակ է այնպիսի մեծանուն մարդկանց դիմանկարների, ինչպիսիք են Հրանտ Մաթևոսյանը, Խորեն Աբրահամյանը, Տիգրան Մանսուրյանը, Սոս Սարգսյանը և այլոք: Հայտնի դիմանկարների կողքին իրենց արժանի տեղն ունեն նաև հասարակ «Մոխրոտիկի», «Շնիկով աղջկա» և այլոց դիմանկարները:
Ս. Սևադան իր լուսանկարչական ստեղծագործություններում ունի նաև բազմաթիվ բնապատկերներ, այդ թվում` Կարսի, Երևանի, Սևանի և այլն: Բացի այդ նա լուսանկարչական նատյուրմորտի հիանալի վարպետ է:
Նշենք, որ Ս. Սևադան ԱՄՆ կաթոլիկ եկեղեցու թեմի առաջնորդի կողմից արժանացել է բարձր գնահատականի, իսկ Կալիֆորնիայի կինոակադեմիան նրան է շնորհել «Ոսկե Հրեշտակ» մրցանակը: Սևադան նաև Թեքեյան մրցանակի դափնեկիր է:
20.05.2009, 15:03
No comments:
Post a Comment