«Մենք այս շատ կարևոր փաստաթղթով կրճատում ենք հարկ վճարողների` հարկային մարմինների հետ աշխատանքի ժամանակահատվածը և հնարավորություն տալիս` նվազեցնելու կոռուպցիոն ռիսկերը»,- լրագրողներին հայտնեց ՀՀ Կառավարությանն առնթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը այսօրվա Կառավարության նիստին ներկայացված էլեկտրոնային կառավարման համակարգը պետեկամուտների կոմիտեում ներդնելու գործառույթների մասին ՀՀ օրենքների մի շարք նախագծերի վերաբերյալ:
Գ. Խաչատրյանը տեղեկացրեց, որ հարկ վճարողը պետեկամուտների կոմիտեյի հետ համապատասխան պայմանագիր կնքելուց հետո ստանում է ծածկագիր` մեկ օրվա ընթացքում, փակ ծրարի միջոցով: Հետո, ըստ պետեկամուտների կոմիտեի նախագահի, ստանում է էլեկտրոնային ստորագրություն` Կառավարության կողմից հավաստագրված կենտրոնից, այնուհետև հնարավորություն է ունենում էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնել:
Սույն ծրագրի ներդրումից հետո հարկատուն հաշվետվությունները կարող է ներկայացնել և´ էլեկտրոնային տարբերակով` էլեկտրոնային ցանցի կամ տարածքային հարկային բաժիններ էլեկտրոնային կրիչներ ներկայացնելու միջոցով, և´ գրավոր` ավանդական փոստի միջոցով:
«Երկու դեպքում էլ հաշվետվության տվյալները գնում են համապատասխան դարան, որտեղ պահվում է կազմակերպության ամբողջ տեղեկատվությունը: Ծրագիրը հնարավորություն է ունենալու նաև ֆիքսել տվյալ հաշվետվության ընդունված և չընդունված լինելը, որի մասին հարկատուն տեղեկանում է էլեկտրոնային կապուղիների միջոցով»,- բացատրեց Գ. Խաչատրյանը:
Ինչպես նշեց Գ. Խաչատրյանը` ծրագիրը նախատեսվում է իրականացնել երկու փուլով`1-ինը մինչև 2009 թ-ի հոկտեմբեր, 2-րդը` 2010 թ-ի փետրվարն ընկած ժամանակահատվածներում:
14.05.2009, 20:50
No comments:
Post a Comment