«ՀՅԴ հետ համագործակցությունը, ցանկացած պարագայում, երկկողմանի գործընթաց է, և միայն մեզանից չէ, որ կախված է, թե ի՞նչ դիապազոնում, ի՞նչ խնդիրներով մենք կարող ենք համագործակցել»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` պատասխանելով Aysor-ի` ՀՅԴ-ի հետ հնարավոր համագործակցության մասին հարցին:
Ս. Սաֆարյանի կարծիքով, որպես ընդդիմադիր` հասարակության կողմից դրական գնահատական գրավելու բանալիները դաշնակցության ձեռքում են: Նա նշեց, որ ԱԺ-ում երբևիցե չի բացառվել և չի էլ բացառվի առանձին օրինագծերի շրջանակներում ՀՅԴ-ի հետ համագործակցությունը:
«Որպես ընդդիմադիր միավորներ համագործակցություն` դա կլինի Դաշնակցություն-Հայ ազգային կոնգրես, Դաշնակցություն-«Ժառանգություն», բացառապես կախված է խնդիրների այն միջակայքից, որի վերաբերյալ մեր կամ Դաշնակցության գնահատականները կարող են նույնական լինել: Ներքաղաքական խնդիրներից դրանք կարող են լինել մարտի 1-ին, օրինականությանը, ժողովրդավարությանը, մեր չորս գործընկերների հանիրավի և շինծու ազատազրկմանը, արտաքին քաղաքականության խնդիրներին վերաբերող հարցեր»,- մանրամասնեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը:
Ամփոփելով իր խոսքը` Ս. Սաֆարյանը հայտնեց, որ, կախված Դաշնակցության հետագա մոտեցումներից, հնարավոր կլինի ավելի հստակ պատասխանել, թե ի՞նչ դաշտում հնարավոր կլինի համագործակցությունը:
05.05.2009, 17:49
No comments:
Post a Comment