Saturday, May 2, 2009

«Աշխատանքային պայմանագիր պետք է կնքել առաջին օրվանից»

«Եթե խախտվել են աշխատանքային պայմանագրի կանոնները, մենք կատարում ենք ուսումնասիրություն, որից հետո աշխատում ենք վերականգնել աշխատողի իրավունքները», - հայտնեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ով նշեց, որ աշխատողի իրավունքները պաշտպանել հնարավոր է միայն օրենքի խախտման դեպքում, քանի որ մյուս կողմից պետք է հաշվի առնել նաև գործատուի շահերն ու հետաքրքրությունները:

Բ. Խարատյանը խոսեց լուրջ ուշադրության չարժանացող խախտումների մասին` տեղեկացնելով, որ աշխատանքային պայմանագրերը երկու տեսակի են լինում` որոշակի ժամկետով և անորոշ ժամկետով, սակայն այսօր հիմնականում կնքում են որոշակի ժամկետով աշխատանքնային պայմանագրեր` չնայած աշխատանքը կրում է հիմնական բնույթ:

«Հիմնական աշխատող հանդիսանալով`պետք է յուրաքանչյուր աշխատող ունենա անորոշ ժամկետներով պայմանագիր», - ընդգծեց Բ. Խարատյանը:

Ինչքա՞ն ժամանակով գործատուն իրավունք ունի պայմանագիր չկնքել և կարո՞ղ է աշխատողն առանց պայմանագրի փորձաշրջան անցնել: Aysor-ի այս հարցին Բ. Խարատյանը պատասխանեց. «Ցանկացած դեպքում պետք է լինի աշխատանքային պայմանագիր»:

«Նույնիսկ, եթե աշխատանքի ընդունվողը փոխարինում է մեկ այլ աշխատողի, եթե նրա համար սահմանված է փորձաշրջան, միևնույնն է` առաջին օրվանից պետք է գործի աշխատանքային պայմանագիրը: Այսինքն` առանց աշխատանքային պայմանագրի աշխատելը դառնում է անօրինական աշխատանք»,- մանրամասնեց Բ. Խարատյանը:

Նա ընդգծեց, որ նման խախտումները շատ հաճախ կրում են «բավականին սուբյեկտիվ բնույթ և շատ հաճախ լուծվում են ծանոթ-բարեկամների միջամտությամբ»:

01.05.2009, 16:37

Aysor.am

No comments:

Post a Comment