Tuesday, May 26, 2009

Թեղուտի բնակիչների հարցը կքննարկվի առանձին

«Մենք չենք հասկանում, թե ինչպես կարող է, որ միլիորդավոր դոլարներ եկամուտ ակնկալող կազմակերպությունը, խաթարելով մեր անաղարտ բնությունը, նույնիսկ կադաստրային արժեքին համաձայն մեզ չի վճարում` տալով մի քանի անգամ ցածր գին»,- այսպսին է Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչներից Հայ հեղափոխական դաշնակցության ստացած նամակի հիմնական բովանդակությունը, որը Աժ-ում ներկայացրեց պատգամավոր Արտյուշա Շահբազյանը և խնդրի շուրջ պարզաբանումներ խնդրեց:

«Շատերիս համար դա ապրուստի վերջին միջոցն է և, զրկելով դրանից, մեզ դատապարտում են կործանման: Ներկայիս տնտեսական ճգնաժամի պայմաններում մեր վիճակը դառնում է ծայրահեղ ծանր: Շանտաժը, խաբեությունը և կեղծ խոստումները հոգնեցրել են մեզ: Մեր ցանկացած բողոք մնում է անպատասխան` հուսալքության մատնելով բոլորիս»,- ասված է բնակիչների կողմից ուղարկված նամակում:

«Այսօր կան դատական գործընթացներ և կազմակերպությունը, գերադասում է միլիոնավոր դոլարներ ծախսել դատարաններում, բայց մի քանի դրամ չավելացնել վճարման արժեքը: Երևի սա սկզբունքայի հարց է»,- հայտարարեց Ա. Շահբազյանն ու հավաստիացրեց. «Իսկապես տարածքի բնակչության համար սա լուրջ սոցիալական խնդիր է. սա միակ եկամտի աղբյուրն է այդտեղ ապրողներից շատերի համար»:

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը` որպես պատասխան նշեց, որ ինքը մանրամասն ծանոթ չէ խնդրին, և պատգամավորին խնդրեց հարցն առանձին քննարկել: Նա խնդրեց իրեն փոխանցել նամակը, խոստացավ ուսումնասիրել հարցը, դիմել պատասխանատուներին, ինչպես նաև` խոստացավ հարցի քննարկման ժամանակ հրավիրել նաև պատգամավոր Ա. Շահբազյանին:

20.05.2009, 19:49

Aysor.am

No comments:

Post a Comment