Tuesday, May 19, 2009

«Թանգարանների գիշեր»-ին մասնակցում են 23 հայաստանյան թանգարաններ

«Այս տարի «Թանգարանների գիշեր» միջոցառումների ծրագրին են միացել նաև Հայաստանի մարզերի մի շարք թանգարաններ», - հայտնեց ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Գագիկ Գյուրջյանը:

Տեղեկացնենք, որ «Թանգարանների գիշեր» նախագիծը սկիզբ է առել 1999 թ-ի` գարնանային որևէ կիրակի օր ֆրանսիական թանգարանում հասարակության համար անվճար «բաց դռների» օր հայտարարելու, Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով:

Ինչպես նշեց Գ. Գյուրջյանը, Հայաստանն արդեն 5-րդ տարին է միանում աշխարհի շուրջ 40 երկրների հազարավոր թանգարանների միաժամանակյա ակցիային: Մայիսի 16-ին «Թանգարանի գիշերին» մասնակցող Հանրապետության 23 թանգարաններում կանցկացվի 48 ինքնատիպ միջոցառում ու ցուցադրություն:

«Ամեն տարի թանգարանները սեփական նախաձեռնություններով են հանդես գալիս: Այս տարի ստեղծվել է նաև ծրագրերի ցանկ, որպեսզի ցանկացողները կարողանան մասնակցել թվով ավելի շատ միջոցառումների», - մանրամասնեց Գ. Գյուրջյանը:

Գ. Գյուրջյանը նշեց նաև, որ միջոցառումներին սատարում է Եվրոպայի խորհուրդը, որն այս տարի նշում է իր ստեղծման 60-ամյակը: Մայիսի 16-ին մինչև կեսգիշեր ԵԽ-ն իր գլխավոր մասնաշենքի` Ստրասբուրգում գտնվող «Եվրոպայի պալատի» դռները կբացի հասարակության առջև և կներկայացնի 60 տարիների ընթացքում անդամ երկրների կողմից ԵԽ-ին` որպես նվիրատվություններ մատուցած արվեստի նմուշները:

Մշակույթի փոխնախարարը անդրադարձավ նաև միջոցառումների այցելուների թվի տարեց տարի ավելացմանը, որը «ԵԽ-ում մեր մշակութային պահվածքի գրավականներից մեկն է հանդիսանում»: Նա տեղեկացրեց, որ պայմանավորվածություններ են հաստատվել Երևանի քաղաքապետարանի հետ, որպեսզի մայիսի 16-ին մինչ ուշ գիշեր գործեն քաղաքի տրանսպորտային միջոցները` այցելուներին սպասարկելու համար:

15.05.2009, 15:29

Aysor.am

No comments:

Post a Comment