«Դպրոցի կենսագրության մեջ Ձեր ոտը թեթև լինի և գործը` անաչառ: Բարի գալուստ», - այս խոսքերով, աղ ու հացով և երկինք աղավնիներ բաց թողնելով ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին դիմավորեցին Էջմիածնի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 դպրոցի աշակերտները:
Նշենք, որ նախարարը դպրոց էր այցելել Վերջին զանգի արարողությունը դպրոցի սաների հետ նշելու նպատակով:
Դպրոցի տնօրեն Ազատ Սարգսյանը, շնորհավորելով շրջանավարտներին Վերջին զանգի կապակցությամբ, մաղթեց ամենայն բարիք, իսկ իրենց ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում շարունակել ցանկացողներին` հաջողություններ:
«Ես վստահ եմ, որ անպայման դուք կդառնաք մեր հանրապետության լիիրավ ու հայրենասեր քաղաքացիներ և բարձր կպահեք ոչ միայն մեր դպրոցի, այլ նաև մեր համայնքի, մեր մարզի պատիվը», - շրջանավարտներին դիմելով` ասաց Ա. Սարգսյանը:
Միջոցառմանը ներկա Արմավիրի մարզպետ Աշոտ Վահրամանյանը ևս շնորհավորեց շրջանավարտներին և նրանց ծնողներին` մաղթելով «երջանիկ ապագա, իղձերի կատարում և ամենայն բարիք»:
Աշակերտներին շնորհավորանքի խոսքեր ասաց նաև նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ 17 տարի անց «ընկղմվելով Վերջին զանգի մթնոլորտի մեջ` ակամա հիշեց, թե ինչպես են անցել իր կյանքի 17 տարիներն` աշակերտական աթոռը լքելուց և մեծ կյանք մուտք գործելուց հետո»:
«Հարգելի շրջանավարտներ, դուք, վստահաբար, աշխատելու եք, ընտանիք եք կազմելու այն ժամանակահատվածում, որտեղ գիտելիքն իր ուժով ճանապարհ է բացելու ոչ միայն ձեր անձնական բարեկեցության, այլև պետության ամրության համար: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ դուք մեծ կյանք մտնում եք հենց այն ժամանակահատվածում, երբ մեր արժեքային համակարգում գիտելիքը վերադառնում է` որպես գերագույն արժեք, այն դառնում է բոլորիս լավ ապագայի երաշխիքը», - իր շնորհավորական խոսքում նշեց Ա. Աշոտյանը:
Նախարարը շրջանավարտներին ցանկացավ «փայլուն ապագա` խարսխված անձնական երջանկության, մասնագիտական հմտությունների և լավատեսության ու բարու վրա»: Նա նշեց, որ իրեն տխրեցնում է այն, որ դպրոցն ունի երկու ավարտական դասարան և մեկ առաջին դասարան:
«Ես անկեղծ ցանկանում եմ, որպեսզի շատ մոտ ապագայում մեր դպրոցներում առաջին դասարանցիների թիվը շատ ավելի մեծ լինի, քան ավարտողներինը. սա է մեր պետության ամրության երաշխիքը»,- հայտնեց Ա. Աշոտյանը:
Նախարարը ցանկացավ շրջանավարտներին «անձնական երջանկություն, ընտանիք` որպես հասարակության և պետության սկզբնական ու ամենաամուր օղակ, բազում զավակներ` որպես մեր փայլուն ապագայի երաշխիք»:
«Վերջի վերջո գալիս են ժամանակներ, երբ պետության հզորությունը չափվում է, ոչ թե մեր փողոցներում երթևեկող թանկարժեք մեքենաների թվով, այլ մանկական սայլակների թվով», - ընդգծեց Ա. Աշոտյանը:
Ամփոփելով իր խոսքը` Ա. Աշոտյանը հորդորեց շրջանավարտների ծնողներին «ականջ դնել տնօրենի հորդորներին»` շրջանավարտներին չվաստահել մեքենայի ղեկը և այս օրն անցկանել «որպես տոնական օր` զերծ մնալով բոլոր ռիսկերից»:
23.05.2009, 14:30
No comments:
Post a Comment