Thursday, May 28, 2009

«Արդյունքը կարող է լինել Կառավարության հրաժարականը»









«ԱԺ-ում Հարկային փաթեթի քննարկման արդյունքը կարող է լինել Կառավարության հրաժարականը, ինչի համար բավական գործոններ կան», - հայտարարեց ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը` լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

Ա. Մարտիրոսյանի` նման ենթադրության հանգելու համար հիմնավորումներ են հանդիսանում երեկ ԱԺ քննարկմանը ներկայացված «Հարկերի մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ օրենքներում լրացուներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի «բուռն» քննարկումները, որորնց ժամանակ ԱԺ պատգամավորների «մեծամասնությունը դեմ է արտահայտվել Կառավարության ներկայացված օրինագծին»:

Չնայած Ա. Մարտիրոսյանն ընդգծեց, որ Կառավարության հրաժարականի մասին նա զուտ «ենթադրություններ է անում և ոչ թե պնդում է», այնուամենայնիվ, նրա համար «լուրջ» նախադրյալ են համարվում նաև Երևանի տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյուքները, որից հետո «ձևավորվելու է նոր քաղաքական ուժ»:

«Ընտրությունների արդյունքներում քաղաքական փոփոխություններ է ակնկալվում, և քանի որ ներկա իշխանական համակարգը չի հետապնդում պետական շահը, ապա ընտրությունների արդյունքները հիանալի առիթ կլինեն Կառավարության համար` հրաժարական տալու», - բացատրեց Ա. Մարտիրոսյանը:

Նա նաև նշեց, որ քաղաքական փոփոխությունները մի նոր դաշտ են բացում, որտեղ «գործընթացները կընթանան դրական և կառուցողական հունով, և կիրականացվեն իրական բարեփոխումներ»:

Կառավարության հրաժարականի մասին «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի հայտարարություններն ԱԺ մյուս քաղաքական ուժերի կողմից տարբեր մեկնաբանությունների արժանացավ: «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Ստեփան Ասլանյանն այն «ոչ տրամաբանական» համարեց, քանի որ, ըստ նրա, Երևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները «ոչ մի առնչություն չեն կարող ունենալ իշխանության հետ»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ «Կառավարության հրաժարականի ելքը դժվար է կանխատեսել: Նա բացառեց հրաժարականը, եթե Կառավարությունը տնտեսության ղեկավարման գործում «վերադառնա իր որդեգրած քաղաքականությանը», միևնույն ժամանակ շեշտեց, որ «հակառակ դեպքում հրաժարականը հնարավոր է, քանի որ այսպես երկար ժամանակ շարունակվել չի կարող»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն էլ զարմացած հայտնեց, որ «ինքը չգիտեր, թե «Ժառանգությունը» նաև կանխագուշակություններով է զբաղվում»: Անհիմն համարելով Կառավարության հրաժարականի մասին վարկածը` նա նշեց, որ «մի օրինագծի քննարկումը չի կարող հանգեցնել Կառավարության հրաժարականին, բացի այդ` «զարմանք պետք է առաջացներ ոչ թե Հարկային փաթեթի բուռն քննարկումը, այլ այն, որ շատ օրինագծեր ԱԺ-ում բուռն քննարկման չեն ենթարկվում»:

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ փաստեց, որ «Կառավարության հրաժարականի մասին կանխատեսումները չեն կարող իրական լինել, և նման խնդիր լինել չի կարող»:

«Կառավարությունը ոչ միայն լուծում է իր առջև դրված ծրագրային խնդիրները, այլև կյանքի է կոչում հակաճգնաժամային ծրագրերը», - ընդգծեց Գ. Սահակյանն ու հավելեց. «Մեզ համար ճգնաժամը հաղթահարելի է լինելու, և աշնանը մենք առաջընթաց ենք արձանագրելու»:

22.05.2009, 14:32

Aysor.am

No comments:

Post a Comment