Այսօր ԱԺ ճեպազրույցի հիմնական թեման ԱԺ չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի քառօրյայի երեկվա նիստում Կառավարության կողմից քննարկման ներկայացված ««Հարկերի մասին» ՀՀ օրենքում և մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթն էր:
Նշենք, որ օրինագծերի փաթեթով հիմնականում մեխանիզմներ են առաջադրվում խոշոր բիզնեսի ստվերները բացահայտելու և այն հարկային դաշտ տեղափոխելու համար:
«Հարկային փաթեթի` հարկերի մասին և աքցիզային հարկերի մասին օրենքներում փոփոխություններն անընդունելի են մեզ համար, քանի որ այդպիսով խոշոր գործատուների գլխին մահակ է դրվելու»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
Ա. Մարտիրոսյանը նշեց նաև, որ Կառավարությունը` ի դեմս հարկային մարմինների, «ունի գործիքներ, որպեսզի խոշոր գործատուներին բերի հարկային դաշտ, և դրա համար անհրաժեշտ է միայն քաղաքական կամք և ոչ թե օրինագիծ»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը միայն նշեց, որ ինքն ունի իր սեփական վերապահումներն օրինագծերի փաթեթի վերաբերյալ, որի մասին ինքը կբարձրաձայնի հաջորդ քառօրյայի ընթացքում:
«Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Արծրունի Աղաջանյանն ընդգծեց, որ «պետք է խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ», սակայն հավելեց, որ դրա համար Կառավարության կողմից ներկայացվող մեխանիզմներն «ընդունելի չեն և գտնվում են քննարկման փուլում»:
«Հնարավոր է, որ Կառավարությունը մինչ հաջորդ քառօրյա ԱԺ քննարկմանը ներկայացնի նոր մոտեցումներ»,- մանրամասնեց Ա. Աղաջանյանը:
«Արված հայտարարությունները և իրականացվող գործողություններն իրար չեն համապատասխանում»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգմավոր Արծվիկ Մինասյանը:
Ա. Մինասյանը նշեց, որ «հարկային քաղաքականություն իրականացնելու անվան տակ իրականացվում է դրամների կորզում»: Բացի այդ, նրա խոսքերով, անհրաժեշտ է նվազեցնել ճնշումները փոքր և միջին բիզնեսով զբաղվողների նկատմամբ:
«Հարկային փաթեթն ընդունվելու է` պատգամավորների առաջարկությունների հիման վրա` ավելի լավ տեսքով»,- հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Ամփոփելով խոսքը` Գ. Սահակյանն ընդգծեց, որ «Կառավարությունը ստեղծում է բյուջեն, կառավարում է այն, բայց տնօրինում է ԱԺ-ն»:
22.05.2009, 21:00
No comments:
Post a Comment