Sunday, May 31, 2009

«Ապագայի ժանրում» ստեղծագործողները մրցանակների արժանացան














7 օր տևող «Մեկ կադր, մեկ րոպե» 7-րդ կինոփառատոնի հանդիսավոր փակումը և մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ երեկ երեկոյան: Փառատոնի ամփոփումը, ժյուրիի անդամներին բերեց այն համոզման, որ «մեկ կադր, մեկ րոպեն» ապագայի ժանր է, որի «մեկ րոպեն կարող է մի ողջ տիեզերք պարունակել»:

Հենց ապագայի ժանրում ստեղծագործողներից լավագույներին էլ հանձնվեցին նախատեսված մրցանակները: Միաժամանակ երեք անվանակարգերում` «Լրագրողական ժյուրիի համակրանք», «Հեղինակների ձայն» և «Լավագույն կադր» մրցանակների արժանացավ 25 ամյա Արևիկ Ավանեսյանի «Հեռուստատեսություն» վերնագրով ֆիլմը:

Ֆիլմում հեղինակի կողմից պատկերավոր կերպով ներկայացվել է շատերի կողմից հաճախ կիրառվող «հեռուստացույցից աղբ է թափվում» արտահայտությունը: Այս ֆիլմը մեկ րոպեի ընթացքում դիտողին է մատուցում մի շարք հարցադրումներ` հեռուստատեսության ներկա վիճակի և խնդիրների վերաբերյալ:

«Սինեմարտ» կինոյի և արվեստի հանդեսի կողմից մրցանակների արժանացան Լիլիթի և Գրիգորի «Հայաստանի Միացյալ Նահանգներ», Մերի Աղախանյանի «Այն կողմ», Նատալյա Գրիգորևայի «Կյանքի մոռացված պահը», Նինո Դե Գլերիայի «Վիրտուոզի Դադար» ֆիլմերը, ինչպես նաև` Համլետ Վարդանյանի «Բուգի Վուգի» կարճամետրաժ ֆիլմը:

«Մեկ կադր մեկ րոպե» անվանակարգում հատուկ հիշատակումների արժանացան Դավիթ Աթոյանի «Թռիչք»,Նարեկ Սաֆարյանի «Անկանխատեսելի», Նարե Աթոյանի «Մեր Դավիթը», Ռոլանդ Վեգերերի «Արևջուրավազդույլ» ֆիլմերը:

Մրցանակ հանձնեց նաև ՀՀ Մշակույթի նախարարությունը: Նախարարության կողմից մրցանակի արժանացավ Քրիստինա Սարգսյանի «Գարուն» կարճամետրաժ ֆիլմը:

Հեյզ Բլանչարդի, Լիզա Սարգսյանի և Սևադա Պետրոսյանի ««Պիվոյին» սպասելիս» ֆիլմն արժանացավ կինոփառատոնի նախագահ Գագիկ Ղազարէի մրցանակին: Մրցանակը շնորհելիս` Գ. Ղազարէն նշեց, որ այսքան տարիների ֆիլմերից և ոչ մեկում այսպիսի թիմային աշխատանք չի եղել:

Խոսելով փառատոնին ներկայացված ֆիլմերից ու դրանց որակական մակարդակից, «Սինեմարտ» հանդեսի գլխավոր խմբագիր, կինոքննադատ Զավեն Բոյաջյանն ընդգծեց, որ հոգնել է «տրաֆարետային» մտածողությունից, որն առկա է շատ մասնակիցների մոտ:

«Իհարկե, միշտ էլ հեշտ է ինչ-որ պատրաստի, ծեծված ստանդարտ վերցնել, դրա վրա մի հատ էլ ստորագրել և ահա` պատրաստ է: Շատ քչերը կան, որ իրենք են ստեղծագործում, իրենք են փորձում ինչ-որ նոր բան գտնել»,- բացատրեց Զ. Բոյաջյանը:

Այնուամենայնիվ, փառատոնի նախագահները համոզված են, որ «այս փառատոնը դեմոկրատական մոտեցումներ ունի, քանի որ ցուցադրում է ամեն ինչ»:

Հարկ է հիշեցնել, որ փառատոնի հիմնական նպատակն է հայտանբերել երիտասարդ տաղանդների, ովքեր հետո կկարողանան արվեստ ստեղծել:

25.05.2009, 23:41

Aysor.am

No comments:

Post a Comment