Tuesday, May 26, 2009

«ԼՂՀ բոլոր ոլորտները պետք է զարգանան ավելի բարձր տեմպերով»

«Արդյո՞ք ժամանակը չէ, որ մեր Կառավարությունը նորից անդրադառնա ԼՂՀ շուրջ գտնվող և ԼՂՀ ենթակայության տակ գտնվող տարածքների վերաբնակեցմանը` հայկական էլեմենտներով, որովհետև ակնհայտ է, որ այնտեղ հայկական տարրի բացակայությունն է տաքացնում ադրբեջանաթուրքական ախորժակները»,- հետևյալ հարցով Աժ-ի այսօրվա նիստում Կառավարության ղեկավարին դիմեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ի պատասխան նշեց, որ ԼՂՀ-ն բոլոր առումներով լինելու է Հայաստանի տնտեսական, ներքին և արտաքին քաղաքականության տեսանկյունից կարևորագույն խնդիրներից մեկը:

«Կառավարության ծրագրերն ուղղված են լինելու նրան, որ ապահովենք տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշներ ԼՂՀ-ում»,- ընդգծեց Տ. Սարգսյանը:

Նա վստահեցրեց, որ բոլոր ոլորտները ԼՂՀ-ում պետք է զարգանան «ավելի բարձր տեմպերով, որպեսզի բնակչության համար ստեղծվեն բարենպաստ պայմաններ` այնտեղ ապրելու, աշխատելու, արարելու»: Նրա խոսքերով, Կառավարությունն` այդ առումով, իր ծրագրերում նախապատվությունը տալու է այդ ուղղությանը:

«Բնականաբար խնդիրը մեզ համար անչապ կարևոր է, և մենք ԼՂՀ վարչապետի և նախագահի հետ քննարկում ենք նաև այդ հարցը` մանավանդ այս ճգնաժամի պայմաններում ստեղծվում են նոր հնարավորություններ»,- ամփոփելով խոսքը` տեղեկացրեց վարչապետ Տ. Սարգսյանը:

20.05.2009, 18:51

Aysor.am

No comments:

Post a Comment