«Էջմիածնի թիվ 7 դպրոցը տիպիկ դպրոց է այն իմաստով, որ ունի ավանդական ուսուցչական կազմ, լավ աշակերտներ, իսկ պայմանների հետ կապված այն այլևս տիպիկ չէ ՀՀ հանրակրթական դպրոցներին», - հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով լրագրողներին բացատրեց Վերջին զանգի արարողությունը Էջմիածնի Երվանդ Օտյանի թիվ 7 դպրոցում նշելու իր ընտրության մասին:
Նա հայտնեց, որ խնդրել է նախարարության համապատասխան վարչությանը ընտրել մարզային որևէ շարքային դպրոց, որը «ոչ իր դպրոցն է, ոչ հայտնի է մեկ այլ բնութագրիչով»:
«Ինչպես գիտեք, պետությունը տարիներ շարունակ հանրակրթության ոլորտի, հատկապես դպրոցաշինության ծախսերն ավելացրել է, և հուսով եմ, որ մոտակա տարիների ընթացքում մենք իրականում չենք ունենա այսպիսի անբարեկարգ դպրոց», - հայտնեց Ա. Աշոտյանը և հույս հայտնեց, որ «այս դպրոցը 2010 թ-ի պետական բյուջեում նախատեսված տող կունենա` վերանորոգման համար»:
Տեղեկացնենք, որ Էջմիածնի թիվ 7 դպրոցի համար այս տարի պետական բյուջեից գումար է հատկացված եղել, բայց դրա տրամադրումը տեղափոխվել է չորրորդ եռամսյակ: Նախարարի խոսքերի համաձայն` «եթե ստացվի այս տարի ունենալ այդ գումարը և դպրոցը բերել այն տեսքի, որին են Հանրապետության դպրոցների մեծ մասը, շատ լավ, եթե ոչ, ապա դա կարվի հաջորդ տարի»:
Նախարարն, ամփոփելով իր խոսքը, նշեց նաև, որ Էջմիածնի թիվ 7 դպրոցը «խորհրդանշական է իր համար, քանի որ նախարար նշանակվելուց հետո այն առաջին ուսումնական հաստատությունն է, ուր ինքը մուտք է գործում:
«Առհասարակ սա իմ առաջին այցն է, և բնականաբար, ես ավելի շատ եմ հիշելու իմ այցը, քան, միգուցե, այս երեխաները», - ասաց Ա. Աշոտյանը:
Մարզի դպրոցների վիճակին անդրադարձավ նաև Արմավիրի մարզպետը: «Վերջին երկու տարիների ընթացքում Արմավիրի մարզում վերանորոգվել են շուրջ 32 դպրոցներ: Այս տարվա ծրագրով էլ մենք 11 դպրոց էինք նախատեսել վերանորոգման համար», - լրագրողներին տեղեկացրեց Աշոտ Վահրամյանը:
Մարզպետի խոսքերով` շինարարական աշխատանքներն այս տարի, սակայն, իրականացվում են միայն այն դպրոցներում, որտեղ արդեն սկսված են եղել, իսկ 5 դպրոցներում` շինարարության սկիզբը տեղափոխվել է չորրորդ եռամսյակ` կապված ֆինանսական ճգնաժամի հետ:
«Շուրջ 18 մլրդ դրամի շինարարական աշխատանքեր պետք է կատարվի մարզում` կապված դպրոցաշինության և մշակութային օբյեկտների կառուցման հետ», - նշեց մարզպետը:
Ինչ վերաբերում է հանրակրթական դպրոցների ջեռուցմանը, ապա, ըստ Ա. Վահրամյանի հաղորդած տվյալների, անցյալ տարվա ընթացքում քաղաքային բոլոր դպրոցներում, բացի Էջմիածնի թիվ 7 դպրոցից, արդեն լոկալ ջեռուցման խնդիրը լուծվել է, և այս տարի ծրագիրված է իրականացնել գյուղական դպրոցների ջեռուցումը:
Մոտ ժամանակներս 50 համակարգիչներ պետք է ստանանք 5 դպրոցներում համակարգչային դասարաններ բացելու համար», - ապագա ծրագրերից խոսելով` նշեց Ա. Վահրամյանը:
Մարզպետն ասաց նաև, որ նախարարի այցելած թիվ 7 դպրոցը մեկն է այն դպրոցներից, որը նվեր է ստանալու 1 համակարգչային դասարան` ինտերնետով:
23.05.2009, 15:38
No comments:
Post a Comment