«Մենք բավական լուրջ քայլ ենք կատարում այս օրենքի նախագիծը հաստատելով, որովհետև ՀՀ-ում ներդնում ենք շահերի բացահայտման ինստիտուտ։ Այս օրենքը ստեղծում է ռեալ մեխանիզմներ, որպեսզի պաշտոնատար անձինք` պատգամավորները, նախարարները չզբաղվեն բիզնեսով, բացահայտեն իրենց շահերը, խնդիրները լուծեն իրենց հետ փոխկապակցված անձանց հետ, որպեսզի հանրությունը, հասարակությունը հնարավորություն ունենան վերահսկելու, որ սահմանադրական այդ նորմը այսուհետև ՀՀ-ում լիակատար իրացվում է», - հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվա Կառավարության նիստում` ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի կողմից ներկայացված ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։
Տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ներկայացվել են «ՀՀ քրեական օրենսգրքում», «Քաղաքացիական ծառայության մասին» և «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը: Այս օրենսդրական փաթեթը սահմանված կարգով հետագայում ներկայացվելու է ՀՀ ԱԺ քննարկմանը:
Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս օրենքն ունի հակակոռուպցիոն բովանդակություն և Կառավարությունն «ունի նաև այս մեխանիզմները ներդնելու պարտավորություն, ինչը և կատարում է այս նախագիծը հաստատելով»։
ՀՀ վարչապետը հայտնեց նաև, որ հետագայում այս օրենքի շուրջ կկազմակերպվեն հանրային քննարկումներ, որպեսզի հասարակությունը իրազեկված լինի, թե ինչ մեխանիզմներ է կիրառելու։
«Հիմնական խնդիրը, որը մենք դեռևս պետք է Համաշխարհային բանկի հետ քննարկենք, այն է, որ Համաշխարհային բանկի կարծիքով նպատակահարմար է, որ էթիկայի հանձնաժողովները իրար հետ կապված լինեն մեկ միասնական օղակով։ Այս հարցն է, որ մեր գործընկերների հետ ԱԺ-ում կքննարկենք և վերջնական լուծում կտանք», - մանրամասնեց Տ. Սարգսյանը:
14.05.2009, 15:41
No comments:
Post a Comment