Tuesday, May 19, 2009

Պրահյան հանդիպումներն իշխանությունները «դրական» են գնահատում


«Պրահայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը դրական էր հայկական կողմի համար, քանի որ եզրափակիչ փաստաթղթում տեղ չգտավ Ադրբեջանի և Վրաստանի նախաձեռնած` ծրագրին մասնակցող բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության մասին կետը»,- ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց «Հանրապետական» խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Է. Շարմազանովը նշեց, որ դա վկայում է «ԵՄ-ի հետևողականության մասին, որ հակամարտությունները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, լուծվեն միջազգային իրավունքի շրջանակներում»: Նա հիշեցրեց, որ հայկական կողմը բազմիցս նշել է, որ «այս հարցում երբեք չի գնալու միակողմանի զիջումների»:

«Պրահայում տեղի ունեցած Սարգսյան-Գյուլ հանդիպումը թե’ Հայաստանի և թե’ Թուրքիայի նախագահները դրական են գնահատում: Համաձայնություն է ձեռքբերվել, մեջբերում եմ, «հարգել նախկինում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները և առաջ շարժվել հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների ու ողջամիտ ժամկետներում կարգավորելու ուղղությամբ»»,- հայտնեց Է. Շարմազանովը:

Նա հիշեցրեց նաև, որ Հայաստանի նախագահը նույնիսկ նշել է, որ հայ-թուրքական հարաբերություններում նախապայմանները բացառված են, իսկ ԵՄ ներկայացուցիչները բարձր են գնահատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների ջանքերը:

Է. Շարմազանովն անդրադարձավ նաև Պրահայում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպմանը, որը «հայկական կողմը գնահատեց օգտակար, ինչը հնարավորություն տվեց կողմերին առավել հստակեցնել մոտեցումները ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ»: Նա նշեց, որ «դրան հաջորդեցին ադրբեջանական մամուլի և քաղաքական վերնախավի հիստերիկ արձագանքները և Թուրքիայի վարչապետ Ռաջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները»:

Է. Շարմազանովի հայտարարության համաձայն` «Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին որևէ միջամտության փորձ կարող է միայն բացասաբար անդրադառնալ Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա»: Նա նշեց, որ իշխանությունների կարծիքով` «ԼՂՀ-ն որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ ԼՂ հակամարտության առանցքային խնդիրը ԼՂ կարգավիճակի հարցն է»:

«ԼՂՀ-ն երբեք էլ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և ԼՂՀ ժողովուրդն ինքնորոշվել է միջազգային բոլոր նորմերին համապատասխան, իսկ Ադրբեջանի կողմից` իր նկատմամբ ռազմական ագրեսիայի արդյունքում, ռազմի դաշտում պաշտպանել է իր անքակտելի իրավունքը»,- հայտարարեց Է. Շարմազանովն ու ընդգծեց. «Այսօր էլ ԼՂՀ ժողովուրդը հաջողությամբ կերտում է իր պետականությունը և ստեղծում ժողովրդավարական իմիջ»:

19.05.2009, 21:39

Aysor.am

No comments:

Post a Comment