«Միայն 65-66 տոկոսն են հետաքրքրված ընտրություններով և պարզ է, որ ոչ բոլորը կգան ընտրատեղամաս` քվեարկելու»,- այսպիսի տվյալներ լրագրողներին ներկայացրեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կազմակերպության տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Ա. Ադիբեկյանը տեղեկացրեց, որ 10-օրյա նախընտրական քանրոզարշավի ընթացքում բարձրացել է ընտրության մասնակից քաղաքական ուժերի ճանաչելիության մակարդակը:
«ԲՀԿ-ն հավասարվել է Հանրապետական կուսակցությանը, մեծ աճ է ապրել ՕԵԿ-ի ներկայացուցիչը, ՀՅԴ-ն, պասիվության շնորհիվ, բավական համեստ ցուցնիշներ ունի և կոալիցիայից դուրս գալը ՀՅԴ-ին դրական արդյունք չբերեց, քանի որ, կորցնելով իշխանությունը, այս ուժը կորցրեց ընտրողների այն մասը, որը հակված է իշխանական կուսակցությանը ձայն տալուն»,- մանրամասնեց Ա. Ադիբեկյանը:
Սոցիոլոգի ներկայացրած տվյալների համաձայն` այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող է հավաքել ընտրաձայների 21 տոկոսը, Հանրապետական կուսակցությունը` 54 տոկոսը, ՀԱԿ-ը` 14 տոկոսը, իսկ 10 տոկոսը բաժին է ընկնում մնացած 4 քաղաքական ուժերին:
«Եթե համեմատենք ապրիլի 25-ի և մայիսի 5-ի սոցհարցումների տվյալները, ապա փոփոխություններ կրել է միայն ՀԱԿ-ը, որը կորցրել է 5.5 տոկոս ձայն»,- տեղեկացրեց Ա. Ադիբեկյանը` նշելով, որ ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն ձայների կորուստներ չեն գրանցել, և ընդգծեց, որ «ընտրողների հատվածներն արդեն սահմանվել են»:
Սոցիոլոգիական հարցումները հնարավորություն են տվել Ա. Ադիբեկյանին նաև հասկանալու, թե «ընտրողն ու՞մ է ընտրում` անձնավորված քաղաքապետի՞ն, թե՞ կուսակցության ցուցակը»:
«Գագիկ Բեգլարյանն արդեն ավելի շատ ձայներ է բերում, քան ՀՀԿ-ն, որովհետև նա է միայն երևում ասպարեզում: ԲՀԿ-ի դեպքում հզոր Գագիկ Ծառուկյանի հետևում չի երևում Հարություն Քուշկյանը, ով մոտ 5 անգամ պակաս վարկանիշ ունի, քան ԲՀԿ-ն: ՀԱԿ-ի պարագայում Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի բարձր վարկանիշ ունի, քան ՀԱԿ-ը»,- մանրամասնեց Ա. Ադիբեկյանը:
Ա. Ադիբեկյանը ՀԱԿ-ի ձայների կորուստը բացատրեց Լևոն Տեր-Պետրոսյանի` քաղաքական հարցերից սոցիալական խնդիրներին անցնելով: Այս առումով, ըստ սոցիոլոգի, Լ. Տեր-Պետրոսյանը «չի կորող մրցակցել ո´չ Գ. Բեգլարյանի և ո´չ էլ Հ. Քուշկյանի հետ, որոնք լավ են հասկանում գործից»:
14.05.2009, 17:03
No comments:
Post a Comment