«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին ներկայացրեց ընտրողների դիրքորոշումների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները:
«Ընտրողների 25 տոկոսը չի հետաքրքրվում ընտրություններով և չի գնա ընտրությունների, մնացած հետաքրքրվողներից ևս 4 տոկոսը միտումնավոր չի գնա` մերժում է այս ընտրությունները», - հայտարարեց Ահարոն Ադիբեկյանը:
Ա. Ադիբեկյանի ներկայացրած տվյալների համաձայն` ընտրազանգվածի 61 տոկոսից 29-ը հաստատ գնալու է ընտրությունների և չի թաքցնում, թե ում է ձայնը տալու, 17 տոկոսը հաստատ կգնա, բայց չի ասում, թե ում է ընտրելու, 22 տոկոսը դեռ չի որոշել` կգնա արդյո՞ք ընտրություններին և ու՞մ կտա իր ձայնը, իսկ 3 տոկոսը` հաստատ կգնա ընտրության, բայց դեռ չգիտի` ում կատ իր ձայնը:
«Ընտրողների մոտ կեսը պատկերացում չունի, թե ի՞նչ է ընտրելու. իրենք գիտեն, որ գնալու են քաղաքապետ ընտրելու, բայց իրականում պետք է ընտրեն ավագանի, շատերը չգիտեն, որ թաղապետին քաղաքապետն է նշանակելու: Այս հանգամանքը շատերի մոտ ընտրության օրը զարմանք կհարուցի», - համոզված է Ա. Ադիբեկյանը:
Նա նայև հայտնեց, որ ընտրողների 20 տոկոսն է հետևում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կարգախոսներին և գաղափարներին. նրանց միայն 3 տոկոսն է պատրաստակամություն հայտնել մանրամասն ծանոթանալ կուսակցությունների ծրագրերի և գաղափարախոսության հետ:
«Հետևաբար ընտրելու են ոչ թե գաղափարախոսություն ու ծրագիր, այլ անձ, լավագույն դեպքում` կուսակցություն», - մանրամասնեց սոցիոլոգը:
Ա. Ադիբեկյանը ներկայացրեց նաև այլ ցուցանիշներ: Պարզվում է, որ ընտրողների միայն 36 տոկոսն է վստահում իրենց թեկնածուին, ինչը նշանակում է, որ «մնացածն ընտրության է գնալու այլ հիմքերով ու պատճառներով»:
«Ընտրողների 40 տոկոսի ընտրության գալն արդեն ապահովված է», - կարծում է Ա. Ադիբեկյանը: Այս թիվը առավելագյունս կավելանա 10 տոկոսով, եթե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը շահագրգռող հանգամանքներ ներկայացնեն, կամ «եթե ընտրության օրը լինի արևային»:
«Պատկերը կտրուկ չի կարող փոխվել, որովհետև ակտիվ զանգվածն արդեն որոշում կայացրել է, իսկ մնացածի, ովքեր դեռ չեն որոշել` գալու են, թե ոչ, ում են իրենց ձայնը տալու, գալը արմատական փոփոխություններ չի կարող բերել»,- ամփոփելով իր խոսքն` ընդգծեց Ա. Ադիբեկյանը:
28.05.2009, 14:16
No comments:
Post a Comment