«Ի սկզբանե ասեմ, որ դեմ եմ այս օրինագծի ընդունմանը»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ««Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առնչությամբ:
Ըստ Ա. Մարտիրոսյանի, քաղծառայության գաղափարը «շատ լավն» է, քանի որ այն մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման քայլերից մեկն է: Սակայն, նրա կարծիքով, այդ սկզբնական շրջանում էր «ճիշտ գաղափարներ և գործառույթներ կիրառվում, որոնցից հետագայում, աստիճանաբար, սկսեցինք հրաժարվել»:
Հիշեցնենք, որ սույն օրենսդրական նախագիծը սահմանում է քաղծառայությունում կրտսեր և բարձրագույն պաշտոնների համար նախատեսված մրցույթների անցկացմումն ու կանոնակարգումը:
«Այս նորամուծությունները, որոնցով իրավասությունների մոտ կեսը տրվելու է շահառուներին, բերելու է նրան, որ հաջորդ քայլում, ընդհանրապես, մրցույթների անցկացման անհրաժեշտություն չի լինի, որովհետև եթե այս տրամաբանությամբ շարժվենք, գործատուն ինքը նշանակումներ կկատարի»,- բացատրեց Ա. Մարտիրոսյանը, ում կարծիքով այս նորմն «անընդունելի է»:
Ա. Մարտիրոսյանն անդրադարձավ նաև քաղաքացիական ծառայության համար անցկացվող մրցույթի բաց և փակ մեխանիզմների կիրառմանը` նշելով, որ «բացը պետք է մնա, իսկ փակ մրցույթներն առ այսօր ապացուցել են իրենց ոչ օգտակարությունը»: Ինչ վերաբերում է քաղծառայության խորհրդի նախագահի առավելություններին, ով իրավասու է անձամբ ընտրել նույնաչափ ձայներ հավաքած մասնակիցների միջև, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի համոզմամբ` այն կհանգեցնի «սուբյեկտիվ ընտրության և իր մեջ կոռուպցիոն ռիսկեր կպարունակի»:
«Հավաստագիրը շատ լավ գաղափար է,- անդրադառնալով մյուս փոփոխություններին` նշեց Ա. Մարտիրոսյանը,- սակայն այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան, քանի որ հավաստագիր ստացած անձանց ցանկը տրվում է համապատասխան մարմինների աշխատակազմերի ղեկավարներին և նշված չէ, թե ի՞նչ չափանիշներով վերջիններս կկատարեն նշանակումներ»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը, ամփոփելով իր խոսքը, նշեց, որ «օրինագծի ընդունումը նպատակահարմար չէ և մեր` Սահամադրությամբ ամրագրված ժողովրդավարական պետությանը ոչ հարիր»:
20.05.2009, 19:01
No comments:
Post a Comment