«Իմ երազանքի քաղաքը» խորագրով յուրօրինակ նկարչական մրցույթ է հայտարարում Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց էսքիզներն են ներկայացնելու, որոնցից լավագույնները զարդարելու են մայրաքաղաքի անհրապույր տարածքները:
Ինչպես Aysor-ին հայտնեց Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մամուլի բաժնի պատասխանատու Անի Եղիազարյանը` մրցույթն իրականացվում է դեռևս անցած տարվա սեպտեմբերին մեկնարկած «Պահպանիր բնությունը» քարոզարշավի շրջանակներում:
Մասնակցել կարող են 16-ից 30 տարեկան հայաստանցի նկարիչները` անկախ մասնագիտական կրթությունից: Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 1-ը: Ցանկացողները դրանք կարող են ներկայացնել Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գրասենյակ:
«Այնուհետև ժյուրին, կընտրի լավագույն էսքիզները, և հեղինակները հնարավորություն կստանան իրենց նկարները պատկերել Երևանի անհրապույր պատերի, աղբարկղերի վրա և այլ վայրերում», - մանրամասնեց Ա. Եղիազարյանը:
Տեղեկացնենք, որ ժյուրիի կազմում լինելու են ներկայացուցիչներ ՀՀ Մշակույթի նախարարությունից, Հայաստանի Նկարիչների միությունից, ինչպես նաև մրցույթի գլխավոր հովանավոր «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերությունից և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից:
Մրցույթ-ակցիային աջակցում են ՀՀ Մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի նկարիչների միությունը: Երևանի քաղաքապետարանը արդեն իսկ տրամադրել է այն 70 վայրերը, որտեղ պետք է վերարտադրվեն լավագույն էսքիզները: Դրանք շենքերի աղբատարների դռներ են, աղբամանների հարևանությամբ կառուցված պատեր, շինարարական եզրապատեր:
Կազմակերպիչների խոսքերի համաձայն` մրցույթի նպատակն է մայրաքաղաքի անհրապույր վայրերը գունավոր էսքիզներով զարդարված տեսնելը, որոնք, անկախ թեմատիկայից, կստիպեն մարդկանց ավելի հոգատար լինել մեր քաղաքի նկատմամբ:
Մրցույթի վերջնական արդյունքները կամփոփվեն աշնանը` «Արևորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի ժամանակ: Նշենք, որ մրցույթի ավարտից հետո Հայաստանի նկարիչների միության ցուցասրահներում կկազմակերպվի ցուցահանդես` որտեղ կներկայացվեն մրցույթի բոլոր էսքիզները:
Տեղեկացնենք նաև, որ մրցույթի մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 1.000.000 ՀՀ դրամ: Այս գումարը բաշխվելու է 7 մասնակցի միջև (1-ին տեղ` 300.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ` 200.000 ՀՀ դրամ և հինգ 3-րդ տեղ` յուրաքանչյուրին 100.000 ՀՀ դրամ):
20.05.2009, 11:45
No comments:
Post a Comment