Thursday, May 28, 2009

Ս. Համբարձման կամ Ջյանգյուլումի տոնը Էջմիածնում

«Ջյանգյուլում կասեմ, կշարեմ ջյանգյուլում, ջա~ն, ջա~ն» երգելով վաղ առավոտից Էջմիածնի տարբեր փողոցներում շրջում են խումբ-խումբ երեխաներ և տնից տուն անցնելով` ծաղիկներ են բաժանում ու դրամահավաքություն են կատարում: Այսպես Էջմիածնում և նրա հարակից շրջաններում ու գյուղերում նշում են Ս. Համբարձման տոնը:

Տեղեկացնենք, որ Ս. Համբարձման տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ը` հինգշաբթի: Ավետարանի համաձայն` Հարությունից հետո Քրիստոսը 40 օր մնում է երկրի վրա և երևում Իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուսն Իր վարդապետությունն ուսացանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:

Էջմիածնի յուրաքանչյուր փողոցի դպրոցական կամ վաղ դպրողական տարիքի երեխաները դեռ երեկվանից հավաքվում են, տարբեր ծաղիկներից փոքրիկ փնջեր են կազմում, ընտրում են խմբի առաջնորդին, ով ուղեկցելու և ղեկավարելու է բոլորին հաջորդ օրվա ընթացքում, ապա խմբի «հարսին ու փեսային», ովքեր, մեծ մասամբ, լինում են ավելի կրտսեր տարիքի: Հենց այսպիսի խմբերն էլ վաղ առավոտից շրջում են յուրաքանչյուրն իրենց փողոցում ու հարակից փողոցներում և երգ ու գովք ասելով, ծաղիկներ բաժանելով` դրամ են հավաքում բնակիչներից:

Նշենք, որ Ս. Հաբարձման տոնը նմանօրինակ նշելը գալիս է ավելի վաղ ժամանակներից: Դեռ Հ. Թումանյանն իր «Անուշում» գեղեցիկ նկարագրում է տոնը նշելու բոլոր սովորույթները: Այժմ այն փոքր-ինչ ձևափոխվել է և նախկինում` հիմնականում օրիորդների մասնակցությամբ նշվող այս տոնը, այժմ նշում են դպոցական երեխաները:

Միևնույն ժամանակ պահպանվել են տոնը նշելու հիմնական ավանդույթները, որոնցից է նաև «վիճակ գցելը» կամ «վիճակ հանելը»: Դրամահավաքությունից հետո, երեխաները հավաքվում են իրենց «առաջնորդի» տանը, հավաքված գումարով կերակուր են գնում` երեկոյան տոնը «քեֆ-ուրախությամբ» նշելու համար:

Հենց երեկոյան խնջույքի ժամանակ էլ փոքր կուժի մեջ յուրաքանչյուրը դնում է իրեն պատկանող որևէ իր, կուժի մեջ լցնում են ծաղկի թերթիկներ, որի շնորհիվ էլ վիճակահանության ընթացքում որոշվում է իրի տիրոջ «ճակատագիրը»:

Սովորաբար խմբի «մեծերը» նախորոք հավաքում են գուշակությունների նման բարեմաղթական տողեր: Վիճակահանության ժամանակ խմբի հարսը, այս տողերի ընթերցմանը զուգահեռ, կուժից հերթով դուրս է հանում խմբի երեխաների իրերն ու կարդացված տողը վերագրվում է իրի սեփականատիրոջը:

21.05.2009, 10:31

Aysor.am

No comments:

Post a Comment