Tuesday, May 19, 2009

«Հայ-թուրքական հարաբերություններն օտարում են հայկական սփյուռքը»


«Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրականանում են մեր վատագույն կանխատեսումները»,- ԱԺ այսօրվա նիստում հայտարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը:

Վ. Խաչատրյանի հայտարարության համար հիմք են հանդիսացել Թուրքիայի վարչապետ Ռաջեփ Թայիփ Էրդողանի «տարբեր երկրներում արած վերջին հայտարարությունները, որոնցում ոչ միայն ուղղակի նշվում է հայկական ուժերի դուրս բերումը ադրբեջանական տարածքներից` որպես հայ-թուրքական հարաբերությունների նախապայման, այլև թուրքական իշխանությունները ՀՀ-ին սպառնում են Թուրքիայում աշխատող 40 հազար հայերին Հայաստան վերադարձնելու տնտեսական-քաղաքական մահակի կիրառմամբ»:

Մինչդեռ, ըստ Վ. Խաչատրյանի, Հայաստանի «իշխանամետ թերթերը փորձում են պնդել, որ այդ հայտարարությունները Թուրքիայում և Ադրբեջանում ներքին սպառման համար են»:

«Փաստենք, որ, վերջին հաշվով, տպավորությունն այնպիսին է, որ Թուրքիայի բարձրագույն պաշտոնյանները մեզ հետ հարաբերություններում խաղարկում են չար և բարի ոստիկանների հոգեբանական ճնշման մեխանիզմը, որին հավատ ընծայելը ճակատագրական սխալ կարող է լինել Հայաստանի համար»,- հայտնեց Վ. Խաչատրյանը:

Որպես օրինակ ներկայացնելով վերջերս Մոսկվայում կազմակերպված միջազգային միջոցառման ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունների ելույթները` նա նշեց, որ «երկու պետությունները հանդես են եկել` որպես միացյալ թիմ, ինչը տեսանելի էր անզեն աչքով»:

Վ. Խաչատրյանն անդրադարձավ նաև Հայաստան և Սփյուք հարաբերություններին: Ըստ նրա, թուրքիայի հետ ընթացող «անպտուղ բանակցությունների ընթացքում օտարում է առաջացել սփյուռքի և հայրենիքի միջև, ինչն իրեն զգացնել տվեց անգամ «Եվրատեսիլի» քվեարկությունում»:

«Կոչ ենք անում իշխանություններին տեսանելի ժամանակահատվածում վճռական միջոցներ ձեռնարկել հայ-թուրքական հարաբերություններում` այն հանգրվանը ապահովելու համար, որը պայմանավորված էր, կամ այդ բանակցություններն ընդհատել` հանուն հայ ժողովրդի միասնականության»,- ընդգծեց Վ. Խաչատրյանը:

19.05.2009, 18:33

Aysor.am

No comments:

Post a Comment