Sunday, May 31, 2009

Բացվեց Արամ Մանուկյանի կիսանդրին

Այսօր ՀՀ Ոստիկանության շենքի դիմաց տեղի ունեցավ Հայաստանի ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի կիսանդրու բացումը` նվիրված հայորդու 130-ամյակին: Կիսանդրու բացումը վերապահված էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին:

Բացման արարողությանը ներկա էին նաև Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ գերատեսչությունների ղեկավարներ, Հայ առաքելական եկեղեցու Արարտյան հայրապետական թեմի առաջնորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, հոգևորականներ, ինչպես նաև` ոստիկանության աշխատակիցներ:

Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը օրհնական աղոթք կարդաց: Նա նշեց, որ «կիսանդրին մշտանորոգ ներշնչման աղբյուր պետք է դառնա ոստիկանության համակարգի ազնիվ ծառայողների համար»:

«Կան անուններ, որոնց մասին խոսել, նշանակում է ընդգրկել պատմական մի ամբողջ ժամանակաշրջան` նրա մեջ ներառելով մի ողջ ժողովրդի պատմություն»,- ընդգծեց ոստիկանապետ Ա. Սարգսյանը և հավելեց. «Արամ Մանուկյանը եղավ անկախության գաղափարի մեծագույն դեմքը, ազգային գաղափարների իրականցման և պատմական դեպքերի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող հայորդին, որն իր ժողովրդի երազանքի ոգեկոչողն է ու նահատակը, մարդ, ում մեծագույն երախտիքին, սակայն, մենք արժանին դեռևս չենք հատուցել»:

Տեղեկացնենք, որ Արամ Մանուկյանի կիսանդրու հեղինակն է քանդակագործ Լևոն Թոքմանջյանը: Կիսանդրու ստեղծման նախաձեռնությունը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանինն է:

Ներկաները` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին կիսանդրու, ինչպես նաև` ոստիկանության շենքի դիմաց գտնվող «Իրավակարգի զինվորին» հուշահամալիրի առաջ:

30.05.2009, 16:27

Aysor.am

No comments:

Post a Comment