Sunday, May 31, 2009

Հաշմանդամ մարդիկ պահանջում են «հասարակություն` բոլորի համար»

«Հասարակությունը բոլորի համար է» կարգախոսով շուրջ 60 հաշմանդամ մարդիկ Հայաստանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքի մոտից առավոտյան անվասայլակներով շարժվեցին դեպի Էջմիածին: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նրանց դիմավորելու է Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգրին Բ, ով օրհնական աղոթք կկարդա:

Տեղեկացնենք, որ նման ակցիա «Փյունիկ» հաշմանդամների միությունը կազմակերպում է յուրաքանչյուր տարի: Այն նպատակ ունի հասարակության ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամների խնդիրները:

Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն` Հայաստանում կա մոտ 160 հազար հաշմանդամ մարդ: Հարկ է նշել, որ կառավարությունն ինչ-ինչ միջոցառումներ ձեռնարկել է նրանց հիմնական խնդիրները լուծելու և հասարակությանն ինտեգրելու ուղղությամբ:

Այս աշխատանքներից կարելի է համարել այն, որ վերջին տարիներին կազմակերպված քաղաքաշինությունը, հիմնականում, իրականացվում է հաշվի առնելով հատուկ կարիքներ ունեցող մարդկանց պահանջները: Ըստ այդմ` գետնանցումները, փողոցների մայթեզրերը կառուցվում են հաշմանդամների համար հատուկ գծերով: Որոշ ձեռնարկատերեր աշխատատեղեր են բացում հաշմանդամ մարդկանց համար:

Հարկ է նշել նաև, որ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց խնդիրները բարձրացվում են նաև ԱԺ պատգամավորների կողմից: ԱԺ չորրորդ գումարման հինգերորոդ նստաշրջանի մայիսի 18-21-ը քառօրյայի նիստերից մեկի ընթացքում ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն իր հայտարարությունը նվիրեց հաշմանդամների իրավունքների մասին հիշեցմանը: Նա նույնիսկ խոստացավ, որ հաշմանդամների խնդիրները լինելու են ԱԺ մշտական հանձնաժողովների քննարկման թեմաներից:

Այնուամենայնիվ, շատ հարցեր մնում են առանց լուծումների: Հաշմանդամ մարդիկ չեն կարողանում նույնիսկ օգտվել բնակելի շենքերի վերելակներից, հասարակական տրանսպորտից, մշակութային ու հասարակական այլ վայրեր այցելելու իրավունքից:

28.05.2009, 17:27

Aysor.am

No comments:

Post a Comment