
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ից մինչ այսօր Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հետ համատեղ, իրականացնում է բնապահպանական միջոցառումների շարք` նվիրված Երկրի օրվան: «Կանաչ սերունդ Հայաստան» քարոզարշավի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերում իրականացվել են ծառատունկ-աղբահավաքներ, ցուցահանդեսներ, որոնք եզրափակվեցին այսօրվա ծառատունկով:
Եկեղեցու բակում ծառեր տնկեցին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայ առաքելական եկեղեցու հովիվները, Հայաստանում ԱՄՆ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանները, միջազգային և հասարակական մի շարք կազմակերպությունների անդամներ:
«Մենք եկել ենք այն գիտակցության, որ մեր երեխաների համար այսօր արդեն հիմնադրում ենք այս այգին, որ վաղը` մի քանի տարի հետո, մեր զավակները գան այստեղ և այս ծառերի շվաքների ներքո զգան Աստծո հովանին»,- ասաց եպիսկոպոս Անուշավան Ժամկոչյանը, ով շնորհակալություն հայտնեց միջոցառումների կազմակերպիչներին, ովքեր աջակցում են Երևանի ու Հայաստանի կանաչապատմանը:
«Այս աշխատանքը շատ կարևոր է, հատկապես, երբ երեխաներն են մասնակցում: Երեխան սկսում է հարցեր տալ, թե ի՞նչ է ծառատունկը, ինչի՞ համար են ծառ տնկում, ու այն ավելի դաստիարակչական նպատակ ունի»,- կարծում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով ծառ էր տնկում իր երեխաների հետ:
Նա համոզված է, որ «երեխան պետք է փոքր տարիքից հասկանա, թե ինչքան կարևոր է միջավայրը մաքուր պահելը, ինչքան կարևոր է միջավայրը կանաչապատելը»:
«Այս մտածելակերպը կմեծանա երեխայի հետ, որ ապագա սերունդ են, և, հետևաբար, իրենք էլ ապագայում իրենց երեխաներին կսովորեցնեն ու կդաստիարակեն, թե ինչքան կարևոր է միջավայրը միշտ պահել մաքուր ու կանաչ»,- ասաց Ռ. Յիրիկյանն ու տեղեկացրեց, որ այգու խնամքի և պահպանման պարտավորությունն իրենց վրա են վերցրել կազմակերպիչները:
02.05.2009, 14:39
No comments:
Post a Comment