Sunday, May 31, 2009

«Հետաքրքրությունն աճել է ընդամենը 5 տոկոսով»

«Ընտրարշավի ժամանակ ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունն աճել է ընդամենը 5 տոկոսով և ազդել է 4.5 տոկոսի որոշման վրա», - հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

Ա. Ադիբեկյանի խոսքերով` սա վկայում է, որ մասնագետների ելույթները, լրագրողների տպագրությունները «չեն ձևավորում այնպիսի հասարակական կարծիք, որ ընտրությունների վարքագծի մեջ արմատական փոփոխություններ լինեն»: Նրա կարծիքով, այն մարդիկ, ովքեր դեռ չեն կայացրել որոշում, հիմնականում «լսում են իրենց հարևան-բարևեկամին, և նրանցից շատ քչերը` մասնագետներին, ավելի քիչ մասը` թերթերին»:

«Ես շատ ցավում եմ, որ մեր առաջատար քաղաքական կուսակցությունների կազմի մեջ չկան սոցիալ-հոգեբաններ, որոնք կկարողնանան ճիշտ կողմնորոշել, ճիշտ խորհուրդներ տալ` ճիշտ ելույթներ ունենալու համար», - հայտնեց Ա. Ադիբեկյանը:

Սոցիոլոգն ընդգծեց, որ նույն միտքը տարբեր բառակապակցություններով, բաղաձայների որոշակի թվով արտասանելու դեպքում կարող է ենթագիտակցաբար փոփոխություններ բերել, ինչն այսօր չի կիրառվում:

Ա. Ադիբեկյանն անդրադարձավ նաև ընտրությունների արդյունքների վրա կաշառքի ազդեցության չափին: Նա նշեց, որ կաշառքն առավելագույնս կարող է ավելացնել 10 տոկոս ձայն:

«Այն էլ 10 հոգուն կաշառելու և ցանկալի արդյունք ունենալու համար անհրաժեշտ է ամենաքիչը 30 հոգու կաշառել, քանի որ կաշառվողներից մեկն այդ փողերով տանը նստած խորոված է ուտում, մյուսը գնում է իր գործերով, և միայն մեկն է գնում ընտրության»,- բացատրեց Ա. Ադիբեկյանը:

28.05.2009, 14:43

Aysor.am

No comments:

Post a Comment