Saturday, May 9, 2009

Ակումբ` քաղաքական սերնդափոխություն իրականացնելու համար

«Քաղաքական ակումբի ստեղծման խնդիրը վաղուց օրակարգում է: Այսօր մենք ուզում ենք հռչակել «Քաղաքական սերնդափոխության ակումբի» հիմնադրումը»,- ՀՀ ԱԺ-ում հայտարարեց «Ազգային ժողովրդական դաշինք» (ԱԺԴ) կուսակցության հիմնադիր նախագահ Արշակ Սադոյանը:

Ակումբի հիմնադիր անդամները, ինչպես ներկայացրեց ակումբի անդամ, «Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Կորյուն Գրիգորյանը, «մտահոգված են հայրենիքի ապագայով, գիտակցում են արդի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը: Գտնում են, որ առկա խնդիրների համար անհրաժեշտ են արմատապես նոր մոտեցումներ և լուծումներ»:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը փոխանցեց Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը` «քաղաքականությամբ զբաղվող ակտիվ մարդկանց միջև անմիջական կապ ստեղծելու այս նախաձեռնության կապակցությամբ»:

«Ազգային ժողովը և ես պատրաստ ենք նպաստելու նման ինքնուրույն միավորների կայացմանը և չենք խնայի դրա համար որևէ ջանք և եռանդ»,- մասնավորապես ասված էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքում:

«Մենք երիտասարդների հետ միասին պետք է գտնենք լուծումները մեր առաջ ծառացած մարտահրավերների` գործի դնելով ավագների փորձն ու երիտասարդների ավյունը»: Հաջողություններ մաղթելով` ԱԺ նախագահը հույս և վստահություն էր հայտնել, որ «ակումբն իր լուման կներդնի մեր անկախ պետականության զարգացման և ամրապնդման գործում»:

Տեղեկացնենք, որ ակումբի հիմնական նպատակներից է աջակցել ակումբի անդամներին` հասարակական-քաղաքական գիտելիքների ձեռք բերելու գործում, անցկացնել համաժողովներ, գիտաժողովներ, հասարակական քննարկումներ ու բանավեճեր, հրատարակել ակումբի ամսական հանդեսը, ակտիվորեն համագործակցել միջին և ավագ սերնդի քաղաքական գործիչների հետ` նրանց փորձը յուրացնելու նպատակով:

«Քաղաքական սերնդափոխության ակումբի» հռչակագրում ամրագրված է նաև, որ ակումբին կարող են անդամակցել «հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու ցանկություն ունեցող, իրենց հետագա գործունեությունը քաղաքականությունում տեսնող երիտասարդները` անկախ նրանց հայացքներից, նախընտրություններից և կուսակցական պատկանելիությունից»:

Ակումբի հիմնադիր Ա. Սադոյանը հայտնեց, որ ինքը գտնվում է կյանքի այնպիսի փուլում, որ «կարողանում է երևույթներին ու աշխարհին հեռացողի աչքերով նայել, որի ժամանակ էլ խորը դառնություն է ապրում, երբ իր ու իր սերնդակիցների գաղափարներն ու մոտեցումները տեսնում է չիրականացված»: Նա նշեց, որ այս ակումբն իր համար «առանձնապես կարևորություն ունի, քանի որ այն հնարավորություն կտա իրենց գոնե 1-2 գաղափարներ սերմանել երիտասարդների մեջ»:

07.05.2009, 17:05

Aysor.am

No comments:

Post a Comment