«Ինչպես ասում է ընկերս, եթե կարող ես ղեկավարել հարյուր հայի, ապա կարող ես ղեկավարել մի ողջ երկիր: Ես իմ կյանքի գլխավոր փորձը ձեռք եմ բերել Երևանում», - լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմեց Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը, ով Հայաստանում է Մոսկովյան «Զատիկի փառատոնի» շրջանակներում, որը հյուրընկալվում է «21-ի հեռանկարներ» 10-րդ միջազգային երաժշտական փառատոնին:
Տեղեկացնենք, որ Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ Մշակույթի նախարարության հրավերով այսօր հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում:
Նշենք նաև, որ հայ հանդիսատեսը երեկ ևս հնարավորություն է ունեցել Վալերի Գերգիևի ղեկավարած Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մեկնաբանությամբ ունկնդրել Ռ. Վագների, Պ. Չայկովսկու, Գ. Մալերի, Ռ. Շչեդրինի, Ալ. Հարությունյանի, Էդ. Միրզոյանի ստեղծագործությունները:
Վալերի Գերգիևը հիշեցրեց, որ իր առաջին մեծ ստեղծագործությունը` Վագների օպերան, բեմադրել է Երևանում` 28 տարի առաջ: Միևնույն ժամանակ նա նշեց, որ չի սիրում իր հետագա անելիքները ծրագրել, հետևաբար հստակ չի կարող ասել, թե հաջորդ անգամ, երբ հանդես կգա Հայաստանում:
«Մի քանի տարի է, ինչ ցանկանում էի տարաբնույթ ծրագրով հանդես գալ Երևանում: Ուրախ եմ, որ այս փառատոնների շրջանակում այստեղ ենք», - հայտնեց Վալերի Գերգիևը:
Տեղեկացնենք նաև, որ 1981 թ-ին Վ. Գերգիևը Հայաստան է հրավիրվել հայ դասական երաժշտարվեստի հայտնի կոմպոզիտորներ Է. Միրզոյանի, Ա. Հարությունայնի, Զ. Սարյանի առաջարկով և 4 տարի ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:
«Այն ժամանակ հայ ժամանակակից կոմպոզիտորների երաժշտության ճանապարհը գտնելու համար, մենք, հիշում եմ, շատ ենք նվագել հայ կոմպոզիտորներին, և այդ երաժշտությունը տարել ենք աշխարհի շատ երկրներ», - ասաց աշխարհահռչակ դիրիժորը:
04.05.2009, 14:49
No comments:
Post a Comment