Tuesday, December 15, 2009

«Իրավական ուժ ունի հենց Կարսի պայմանագիրը»

«Միջազգային իրավունքով նոր պետությունները հարաբերությունները սկսում են մաքուր թղթից, մինչդեռ մաքուր թղթի հասկացությունը չի կարող վերաբերել սահմաններին, քանի որ դու ճանաչում ես այն սահմնները, որոնք գոյություն ունեն»,- հայտարարեց սահմանադրագետ Հրայր Թովմասյանը:


Հ. Թովմասյանի խոսքերով, Հայաստանը Խորհրդային Միության փլուզումից հետո համարվում է նոր պետություն, այս պատճառով է, որ կրկին ստորագրում է ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների պայմանագրերը` չնայած նրան, որ դրանք ժամանակին ստորագրել է ԽՍՀՄ-ը: Նա նշեց, սակայն, որ սա չի վերաբերում սահմանների հարցին, քանի որ «մենք ընդունում ենք այն սահմանները, որոնք ընդունել է այն պետությունը, որի իրավահաջորդն ենք հանդիսանում մենք, այսինքն` ԽՍՀՄ-ը»:


Սահմանադրագետը նշեց, որ ճիշտ չեն այն հայտարարությունները, թե «Կարսի պայմանագիրը մենք չենք վավերացրել»: Հ. Թովմասյանի խոսքերով, իրենից և իր գործընկերներից «ընդամենը երկու օր պահանջվեց` հայտնաբերելու այդ վավերագրերը»:


Բացի այդ` սահմանադրագետը նշեց, որ «առավել իրավական ուժ ունի հենց Կարսի պայմանագիրը»:


ԱՅՍՕՐ, 16:42

Aysor.am

Վերապահումն ընկալելի չէ երկկողմ պայմանագրերում


«Այն հարցում, որ Թուրքիան փորձում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կապել Արցախի հակամարտության հետ, Սահմանադրական դատարանն անելիք չունի, քանի որ միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ երկու պետությունները չեն կարող երրորդ պետության վերաբերյալ պայմանագիր ստորագրել»,- հայտնեց սահմանադրագետ Հրայր Թովմասյանը` խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացում վերապահումներ ներառելու օրենսդրական եղանակների մասին:


Սահմանադրագետի խոսքերով, «չի վնասի այն, որ ՍԴ-ն տողատակում արձանագրի, որ սույն պայմանագիրը կնքված է այս երկու պետությունների միջև և չի կարող տարածվել երրորդ պետության վրա»: Միևնույն ժամանակ նա հայտնեց, որ նման մոտեցումը կնմանվի անեկդոտի` «Հայտարարում ենք, որ ժամը 12-ն է: Ապարանցիների համար նշում ենք, որ փոքր սլաքը գտնվում է մեծի տակ»:


«Այսինքն` իրականում Սահամանդրական դատարանը դա է անելու, որ որևէ մեկի մտքով չանցնի, որ սա կապված է մյուսի հետ»,- ընդգծեց Հ. Թովմասյանը:


Բացի այդ` սահամանադրագետը տեղեկացրեց, որ չնայած «Պայմանագրերի մասին» ՀՀ օրենքը ասում է, որ պայմանագրի ներկայացուցիչը կարող է վերապահումներով այն ներկայացնել, բայց «Վիեննայի միջազգային պայմանագրերի մասին կոնվենցիան, ըստ էության, բացառում է երկկողմ պայմանագրերում վերապահում կատարելը»: Նա բացատրեց, որ եթե վերապահումները հասկանալի են բազմակողմ պայմանագրերի պարագայում, երկկողմի պայմանագրերում ընկալելի չէ, քանի որ «վերապահումը ևս պետք է անցնի այն նույն ընթացակարգով, ինչ ստորագրումը»:


Հ. Թովմասյանը հայտնեց նաև, որ Թուրքիան չի վավերացրել Վիեննայի միջազգային պայմանագրերի մասին կոնվենցիան, և այդ հետևանքները նրա համար գոյություն չունեն:


15.12.2009, 16:30

Aysor.am

Հայաստանը չի պատրաստվում հանդուրժել վավերացման ձգձգումը


«Իրավական ճանապարհները հնարավորություն են տալիս կողմերին քաղաքական ռևերանսներ անել, մասնավորապես, թուրքական կողմն ի սկզբանե բաց քարտերով չի խաղում, և իր հոգու խորքում ունի ցանկություն այս հարաբերությունների հաստատումը կապել Ղարաբաղի հարցի կարգավորման հետ»,- հայտարարեց սահմանադրագետ Հրայր Թովմասյանը` բացատրելով այն իրավական նորմերը, որով պետք է անցնեն հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները` երկու պետություններում վավերացվելու համար:


Հ. Թովմասյանի խոսքերով, եթե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման սկզբնական փուլում Թուրքիայում չէին խոսում այս գործընթացը Արցախի հակամարտության հարցի հետ կապելու մասին, ապա վերջին շրջանում պետական պաշտոնյաները սկսել են դրա մասին բացահայտ բարձրաձայնել:


«Համարժեք պատասխանը, թեպետ անուղղակի կերպով, հնչեց Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից, թե հանձնարարված է պետական մարմիններին պատրաստել օրենսդրական փոփոխություններ, որոնք կարող են վերաբերել ստորագրությունը հետ վերցնելուն», - բացատրեց Հ. Թովմասյանն ու հավելեց, որ նման մոտեցումն ավելի նպատակահարմար է, քան Արձանագրությունները չվավերացնելը, որն ավելի պասիվ կեցվածք է:


«Այսինքն, հայկական կողմը ևս անուղղակի կերպով իրազեկեց թուրքական կողմին, որ ՀՀ-ն չի պատրաստվում շատ երկար ժամանակ հանդուրժել այս ձգձգումները, և որ Թուրքիան փորձում է կապել այս գործընթացը Ղարաբաղյան հարցի հետ», - ամփոփելով իր խոսքն` ընդգծեց Հ. Թովմասյանը:


15.12.2009, 15:16

Aysor.am

Հնարավոր է, որ ԵԽԽՎ-ն նախագահ ընտրի նոր չափորոշիչով


«Արդեն շրջանառության մեջ եմ դրել մի փաստաթուղթ, որի համաձայն, ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու համար պետք է մերժվեն բոլոր այն անդամների թեկնածությունները, ովքեր կառույցում ներկայացնում են մոնիտորինգային և/կամ հետմոնիտորինգային գործընթացում գտնվող անդամ-երկրներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:


Զ. Փոստանջյանը տեղեկացրեց նաև, որ ԵԽԽՎ նախագահի թեկանածուների ընտրության ընթացակարգում պարտադիր չափորոշիչ սահմանելու մասին փաստաթուղթը շրջանառության մեջ դնելու համար ինքն արդեն ձեռք է բերել անհրաժեշտ թվով ստորագրություններ: Նախաձեռնությանը միացել են 10 ներկայացուցիչներ 9 պետություններից, և փաստաթուղթն ուղարկվել է համապատասխան գրասենյակին:


Պատգամավորի խոսքերով, այժմ ինքը պետք է նամակներ գրի տարբեր պատվիրակների, որպեսզի նախաձեռնությունը հրատապ կարգով քննարկվի և դրական եզրակացություն ստանա` այդպիսով կանխելով Թուրքիայի հանրապետության ներկայացուցչի ընտրվելու հավանականությունը:


«Ցավոք, Հայաստանի ներկայացուցիչները, ինչ-ինչ պատճառներ ներկայացնելով, հրաժարվեցին միանալ իմ այս նախաձեռնությանը»,- ամփոփելով խոսքը` հայտնեց Զ. Փոստանջյանը:


14.12.2009, 17:20

Aysor.am

Վրացականացվում են հայկական տեղանունները


Ջավախքի տարածաշրջանի ճանապարհներին, այդ թվում` գյուղական, տեղադրվում են ցուցատախտակներ, որոնցով վրացականացվում են Ջավախքի շրջանում գտնվող տեղանունները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց փորձագետ Վահե Սարգսյանը:


«Հիմնականում տեղանունների վերջում ավելացվում է «ի» վերջածանցը, իսկ տեղանունի անգլերենը բխեցվում է վրացականացված տարբերակից»,- մանրամասնեց Վ. Սարգսյանն ու հավելեց. «Բազմաթիվ տեղանուններ կան, որոնք ունեն «մեծ» կամ «փոքր» նախածանցները, որոնք ևս թարգմանվում են վրացերեն»:


Ըստ Վ. Սարգսյանի, Վրաստանի կառավարությունը սրա իրավունքը չունի: Նրա բացատրությամբ, Վրաստանը ստորագրել է մի շարք միջազգային կոնվենցիաներ և ունի պարտավորություններ միջազգային կառույցների առաջ, այդ թվում` 2005 թ-ին վավերացված և 2006 թ-ի ապրիլի 1-ից ուժի մեջ մտած Ազգային փոքրամասնությունների շրջանակային կոնվեցիան, որի 11-րդ հոդվածը վերաբերում է ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքների տեղանունների ու բնակավայրերի պահպանմանը:


Վ. Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ Վրաստանի խորհրդարանը, վավերացնելով այս կոնվենցիան, վերոնշյալ հոդվածի վերաբերյալ ընդունում է մի բանաձև, որով վերապահում է առաջադրում, և իրավասություն է ստանում տեղանունների ներկայացումը կարգավորել ներքին օրենսդրությամբ:


«Վրաստանը չի կարծում, որ ազգային փոքրամասնություններին տրված իրավունքը պարտավորեցնում է պետությանը փոխել տարածքային միավորների գոյություն ունեցող անվանումները և աննպատակահարմար է գտնում վերոհիշյալ հարցի վերաբերյալ հետագա միջազգային համաձայնագրերի ստորագրումը»,- մեջբերելով վրացական խորհրդարանի ընդունած բանաձևը` Վ. Սարգսյանը նշեց. «Կարծում ենք, որ սա դատապարտելի քայլ է»:


14.12.2009, 13:46

Aysor.am

Monday, December 14, 2009

Հայ բլոգերների թիվն ավելացավ


Ծաղկաձորում կայացած «Բլոգ. Բլոգի կառավարման էթիկա» սեմինարի արդյունքում` շատերն ունեցան իրենց անձնական բլոգները: Սեմինարին մասնակցում էին շուրջ 40 երիտասարդներ, որոնցից շատերը առաջին անգամ էին տեղեկանում բլոգի, դրա ստեղծման ու կառավարման էթիկայի մասին:


Հիշեցնենք, որ սեմինարի կազմակերպիչն էր Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն հիմնադրամը: Սեմինարն անցկացվեց դեկտեմբերի 11-13-ը:


Հիմնադրամի ծրագրերի կազմակերպիչ Քրիստինե Ասատրյանի խոսքերով` սեմինարի գլխավոր նպատակն է երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեն բլոգ վարելու, ծանոթացնել բլոգի առանձնահատկությունների ու կարևորության մասին, ինչպես նաև հետագա ծրագրերի ու համագործակցության հարթակ ձևավորել:


Նշենք նաև, որ հայկական բլոգի ստեղծման, զարգացման ու տարածման փուլերի մասին արժեքավոր տեղեկատվություններ ներկայացրեցին Տիգրան Քոչարյանը և Էդգար Բարսեղյանը:


Սեմինարի ընթացքում մասնակից երիտասարդները ներկայացրեցին նաև բոգինգի մասին իրենց իմացություններն ու փորձը: Վարդան Գրիգորյանը և Վարդան Պապիկյանը ներկայացրեցին բլոգերների միավորման համար իրենց ստեղծած կայքը` www.armfeeds.com, որը տարածք է հանդիսանում գրանցված բլոգերներին գրառումները մեկ վայրում տեսնելու համար, իսկ Տիգրան Տերտերյանն էլ ներկայացրեց բաց կոդով բլոգների առանձնահատկությունների ու տեխնիկական հնարավորությունների մասին:


Արդյունքում շատերը մասնագետների օգնությամբ բացեցին իրենց բլոգները և կատարեցին առաջին գրառումները, ոմանք էլ ձևավորեցին աշխատանքային խմբեր` ստեղծված բլոգները նպատակին առավել կերպով ծառայեցնելու և հետագա ծրագրերն իրագործելու համար:



ԱՅՍՕՐ, 11:31

Aysor.am

Հ.Գ. - Լուսանկարը Վարդան Պապիկյանի

Saturday, November 21, 2009

Մյունխենում «որևէ լուրջ փաստաթուղթ չի ստորագրվի»


«Հայ-թուրքական հարաբերությունների այս խճճված իրավիճակը ստեղծելով` իշխանությունները հիմա ստիպված են դիմագրավել Ղարաբաղյան հարցում այն ճնշումներին, որոնք կատարվում են Թուրքիայի կողմից և Թուրքիայի միջնորդությամբ` այլ կառույցների կողմից»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը` նոյեմբերի 22-ին Մյունխենում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին:


Ա. Նռանյանի խոսքերով, «իշխանությունը հասկանում է, որ որևէ հարց Ղարաբաղյան հարցում չի կարող լուծվել, որովհետև այն միանգամից դիտվելու է` որպես Թուրքիայի կողմից ներկայացված նախապայմանների կատարում»: Փոխարենը, ըստ նրա, փորձ է կատարվելու «պահել այն դիրքերը, որոնք նախկինում եղել են»:


Պատգամավորի համոզմամբ` հանդիպման ժամանակ որևէ լուրջ փաստաթուղթ չի ստորագրվի: Միևնույն ժամանակ նա նշեց, որ «այս պարտությունները, որ իշխանություններն ունենում են արտաքին քաղաքականության մեջ, մեկ անգամ ևս ապացուցում են, որ մենք պետք է վերանայենք մեր արտաքին քաղաքականության ոգին և մեր ժողովրդի տրամադրությունները»:


«Ղարաբաղի շուրջ տարվող բանակցությունները մենք պետք է վարենք փաստացի գոյություն ունեցող սահմաններով և ուժերի ռեալ հավասարության պայմաններում»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց Ա. Նռանյանը:


20.11.2009, 17:51

Aysor.am