
«Այսօր այցելել եմ Ցեղասպանության հուշարձան, որն ինձ վրա թողել է մեծ տպավորություն»,- հայտարարեց աշխարհահռչակ ֆրանսիացի կինոդերասան Ժերար Դեպարդյեն` լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ դերասանը Հայաստանում է «Կարոտ» մշակութային փառատոնի շրջանակներում, որը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին և առաջին անգամ տեղի է ունենում Հայաստանում ու Արցախում: Նախորդ տարիներին փառատոնն անկացվել է Մոսկվայում և առանձնանում է նրանով, որ փառատոնին մասնակցություն են ունենում մշակութային տարբեր ոլորտների ու տարբեր երկրների ներկայացուցիչներ:
Այս տարի փառատոնին մասնակցում են 12 երկրների ներկայացուցիչներ: Այսօր փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու մրցանակաբաշխություն:
Խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղապանության ճանաչման մասին, դերասանը հավաստիացրեց, որ «Թուրքիան ճանաչման գործընթացն արդեն կամաց-կամաց սկսել է»:
«Չեմ ցանկանում քաղաքականացնել այսօրվա հանդիպումը, բայց գիտեմ, որ կան երկրներ, որոնք Ցեղասպանության ճանաչման հարցադրումը դրել են Թուրքիայի առջև»,- ընդգծեց Ժ. Դեպարդյեն ու հավելեց, որ այս գործում ևս կարևոր է մշակույթի դերը:
Ըստ նրա` «քաղաքականությունը հետաքրքրությունների ու շահերի հավասարակշռություն է, իսկ մշակույթը` ազատություն է, մարդու արտահայտման ազատութունը, ազգի արմատների ազատութունն է»: Նրա խոսքերով` հենց մշակույթը պետք է մարդկանց սովորեցնի, որ իրենք տարբեր են ու զանազան, և, որ պետք չէ վախենալ այդ տարբերությունից:
Դերասանը խոստովանեց նաև, որ Հայաստանում գտնվելու իր նպատական այն է, որ աշխարհին ներկայացնի «այնպիսի Հայաստան, որն արագ տեմպերով գնում է առաջ` առանց մոռանալու նախկին վերքերը»:
04.09.2010, 14:51
No comments:
Post a Comment