
Հայաստանի հանրակրթական դպրոցների` 12-ամյա կրթական համակարգի անցնելու փաստը հաջորդ` 2012 թ-ին հանրակրթական դպրոցներին զրկում է շրջանավարտներ ունենալու հեռանկարից: Այս հանգամանքը մտահոգիչ է հատկապես բուհերի համար, որոնք, փաստորեն, հաջորդ տարի առաջին կուրսեցիներ չեն ունենալու, կամ …
Այն մասին թե ինչպե՞ս են լրացվելու դիմորդների բացը և ըստ այդմ էլ` լուծվելու առաջ եկած խնդիրները, Aysor-ը զրուցեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի հետ: Նրա խոսքերով, այդ ուղղությամբ բուհը մի շարք քայլեր է ձեռնարկում:
«Նախնական պայմանավորածությունն այսպիսին է, որ պետական ֆինանսավորման մակարդակը չի իջնելու այս տարվա ֆինանսավորման մակարդակից»,- որպես առաջնային քայլ` նշեց Ո. Մարուխյանը:
Մյուս կողմից, ըստ համալսարանի ռեկտորի, բոլոր այն դիմորդները, ովքեր այս տարի չեն կարողացել հաղթահարել ընդունելության մրցույթը, կարող են դիմել մյուս տարի` բուհ ընդունվելու ավելի լայն հնարավորություններով:
«Օրինակ` պետպատվերի շրջանակներում մեր համալսարան ընդունվողների թիվն այս տարի բակալավրի համակարգով եղել է 253-ը, և, իմ կարծիքով, այդ թիվը հասանելի կլինի մեզ համար նաև մյուս տարի»,- ընդգծեց Ո. Մարուխյանն ու հավելեց, որ այս դեպքոմ խնդիր կառաջանա վճարովի ուսուցման համակարգում:
Վճարովի ուսուցման համակարգում ուսանողների թվի սակավությունն իր հերթին բուհի համար ֆինանսական խնդիրներ է առաջ բերելու: Այս առիթով էլ ռեկտորը խոստովանեց, որ «չնայած դրանով պայմանավորված` համալսարանը կունենա ֆինանասական լուրջ դժարություններ, սակայն նախորդ տարիներին որոշակի խնայողություններ է կատարել և կուտակած միջոցներով կմեղմի բացը»:
Ու որպեսզի սակավաթիվ դիմորդներն ընտրեն հենց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի առաջարկած մասնագիտությունները, բուհը լրացուցիչ աշխատանք է կատարելու` ավելացնելու հետաքրքրությունը այդ մասնագիտությունների գծով և տալու համապարփակ տեղեկություններ` համալսարանի տված գիտելիքների ու ընձեռած առավելությունների վերաբերյալ:
Շարունակելի …
04.09.2010, 14:53
No comments:
Post a Comment