Wednesday, November 3, 2010

Ադրբեջանական կինոյի՞, թե՞ հիգիենայի օրեր


Հայաստանում անցկացվելիք` «Ադրբեջանական կինոյի օրեր» փառատոնը լուրջ ընդդիմություն է ստանում հայաստանյան որոշ լրատվամիջոցների, ինչպես նաև սոցիալական կայքերի շնորհիվ: Ու շատերի համար է պարզ, որ նմանօրինակ նախաձեռությամբ կարող էր հանդես գալ միայն «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հասարակական կազմակերպությունը` գլխավորությամբ հայտնի Գեորգի Վանյանի: Միջոցառման հովանավորն էլ պետք է լիներ մի այնպիսի կառույց, ինչպիսին Հայաստանում Ամերիկայի դեսպանատունն է:

Հիշեցնենք, որ երբ սոցիալական կայքերը սկսեցին դեմ արտահայտվել միջոցառմանը, ՀՀ մշակույթի նախարարությունն անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ ու հավաստիացրեց, որ նախարարությունը ոչ մի կապ չունի փառատոնի հետ: Այնուհետև բողոքի ալիքը հանգեցրեց նրան, որ փառատոնի կազմակերպիչները ստիպված եղան հետաձգել փառատոնի մեկնարկի օրը` նոյեմբերի 2-ը: Ու գրեթե ոչ մի ԶԼՄ-ի հայտնի չէ, թե ե՞րբ կկայանան կինոյի օրերը, կկայանան արդյո՞ք, թե՞ ոչ, կամ որտե՞ղ է անձամբ ինքը` Վանյանը:

Եթե ժամանակով հետ շարժվենք, ապա կհիշենք, որ 3 տարի առաջ` դեկտեմբերին, նույն Գ. Վանյանը` իր համախոհ Աշոտ Բլեյանի հետ, ադրբեջանական մշակույթի օրեր էր կազմակերպել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ամենացավալին այն է, որ այդ առիթով կրթահամալիրի սաները շարադրություններ ու բաց նամակներ էին գրել իրենց ադրբեջանցի հասակակիցներին, ու այդ գրությունները վկայում էին, որ մատաղ սերնդի հոգիներում ավերածություններ ու ստի քարոզչություն է ծավալվում ... «հայ»-ի կողմից:

Ինչևէ, միջոցառման իրականացման առիթով նույնիսկ հյուրեր էին ժամանել ադրբեջանից, և նախաձեռնությանը միակ հակահարված տվողը, թերևս, բլոգերներն էին, ովքեր ադրբեջանական մշակույթի օրերի պաշտոնական բացման օրը ներխուժել են դահլիճ և հպարտ ճառասացին` Գ. Վանյանին, օճառներ են նվիրել` «գործը փափուկ կատարելու» մաղթանքով: Ա. Բլեյանն այդ օրն այնքան լկտիություն է ունեցել, որ միջադեպի վերաբերյալ լրագրողներին ասել է. «Կրթահամալիրը միշտ էլ հիգենիկ միջոցների կարիք ունի»:

Անցած տարի նույն Ա. Բլեյանը, խոսելով ժողովրդավարությունից, ժողովրդական արժեքներ սերմանելուց, լրագրողներին փորձում էր համոզել, թե մենք պետք է հանդուրժող լինենք մյուս ազգերի ու ժողովուրդների, այդ թվում` ադրբեջանցիների ու թուրքերի հանդեպ, թե մենք պետք է տարատեսակ միջոցառումներով երկխոսության գանք, այլ ոչ թե բանակցություններով կամ արձանագրություններով: Երբ Ա. Բլեյանին հարցրի, թե արդյո՞ք նա նորից միտք ունի ադրբեջանական մշակույթի օրեր հայտարարել Հայաստանում, նա, անշուշտ վրդովվեց, ավելին` ընդգծեց, որ հենց ինձ նմաններն են, որ իշխանությունների ցանկությունն են կատարում ու էլի նմանօրինակ բաներ (այդպես էլ չհասկացա` հարցս ի՞նչ կապ ուներ իշխանությունների ցանկության հետ):

Ամիսներ անց լրագրողների ուշադրության առջև հայտնվեց Գեորգի Վանյանն ու խնդրեց բոլորին տեղեկատվության տարածմամբ սատարել իրեն, քանի որ ինքն իր օտարերկրացի, ինչպես նաև` ադրբեջանցի համախոհների հետ, ցանկանում է մեր տարածաշրջանում ստեղծել մի տարածք` «հրապարակ», որտեղ տարածաշրջանի երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ու քննարկումներ կկազմակերպվեն, ինչպես նաև կնախաձեռնվեն մի շարք հասարակական ու մշակութային միջոցառումներ: Այս իրականացնելու համար, սակայն, Վանյանին ֆինանսներ կամ օճառներ էին հարկավոր, և հարկավոր էր, որ լայն հասարակությունը տեղեկացված լինի:

Իսկ գուցե փառատոնն հենց ա՞յս տարածքում է իրականացվելու ...

Այսօր Գ. Վանյանի նախաձեռնությանը հակահարված տվողների թիվն ավելացել է, ու հասկանալի և ընդունելի է բողոքի այս ալիքը, բոլոր նրանց վրդովմունքը, ովքեր անհանգստացած են այս միջոցառմամբ, ովքեր այս հարցում մեղավոր տեսնում են նաև «իշխանությունների լռությունը»:

Հասկանալի է նաև, որ բլոգերների ցանկությունը մարգարեական ուժ է ստացել: Փաստորեն, օճառներն իսկապես իրենց նշանակությունն ու դերը խաղացել են «փափուկ գործելու» առումով, և այսօր արդեն Գ. Վանյանն ու իր համախոհներն ավելի «փափուկ», ավելի մեծ ձեռնարկ` կինոփառատոն են իրականացնում:

Ու, փաստորեն, որքան էլ ընդդիմանանք, կարմիր կովն իր կաշին չի՞ փոխում ...


3 comments:

  1. LIL jan I thought this might be interesting for you:

    http://blogs.fco.gov.uk/roller/lonsdale/entry/peacejam_in_yerevan

    http://blogs.fco.gov.uk/roller/lonsdale/entry/a_stopped_film_festival

    ReplyDelete
  2. Ի պատասխան - http://imkyanq.blogspot.com/2011/01/blog-post_19.html

    ReplyDelete
  3. Ողջույն, բոլորին, ես Ադրիկ Վադիմն եմ, ով ապրում է Կուրգան քաղաքում, ուզում եմ ձեզ հետ միասին կիսել այստեղ, թե ինչպես է պարոն Բենջամինն ինձ օգնում 15000.000.00 ռուբլի վարկ ստանալու համար, որպեսզի սկսեմ իմ սննդի ըմպելիքների առաքումը `այն բանից հետո, երբ ես աշխատել եմ մի քանի հյուրանոցներ այստեղ, Կուրգանում, պարզապես ապրուստ վաստակելու, բայց դժբախտ եմ, ես դեռ դժվարանում էի վարձավճար վճարել, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ այժմ ես ինքս եմ աշխատում, երբ իմ խնամքի մեջ աշխատում են 5 աշխատողներ: Եթե դուք փնտրում եք ֆինանսական ազատություն, ես խորհուրդ կտամ ձեզ դիմել պարոն Բենջամինին հետևյալ էլ. Փոստով և ինչ հավելվածի համարը: Lfdsloans@outlook.com + 1-989-394-3740

    ReplyDelete