
Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացրած ընտրացուցակում 10-րդ հորիզոնականը զբաղեցնում է անվանի կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը: Իր` քաղաքական դաշտ ներքաշվելու վերաբերյալ կոմպոզիտորը մեկնաբանություններ ներկայացրեց լրագրողներին:
«Ես համաձայնել եմ, որպեսզի օգտակար լինեմ իմ անելիքներով, իմ խոսքով: Ես ընդգրկվել եմ ցուցակում ոչ թե քաղաքականությամբ զբաղվելու համար, այլ հանդես գալու` որպես խորհրդատու արվեստին, մշակույթին վերաբերող հարցերի քննարկումների ժամանակ»,- մանրամասնեց Մարտին Վարդազարյանը:
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին` Մ. Վարդազարյանը նշեց, որ էական տարբերություններ չի տեսնում ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերում: Նրա խոսքերով, «բոլորը նույնն են, միակ տարբերությունը շարահյուսության մեջ է»:
Մ. Վարդազարյանը տեղեկացրեց նաև, որ ինքն անկուսակցական է, իսկ Հանրապետական կուսակցության ընտրացուցակում առաջադրվել է` աշխատելու ՀՀԿ թիմի հետ, որտեղ շատ են արվեստագետները: Կոմպոզիտորը նշեց նաև, որ ընտրացուցակում ներառված արվեստագետների հիմնական խնդիրը քաղաքի դեմքը քաղաքակիրթ դարձնելն է, մշակույթի մակարդակը բարձրացնելը:
22.05.2009, 17:34
No comments:
Post a Comment