«Իշխանությունները սարսափած են այս իրավիճակից, որ փաստերը բացվում են, և երեկ կասեցրել են փաստահավաք խմբի աշխատանքը: Այս կապակցությամբ ՀԱԿ-ը և «Ժառանգություն» կուսակցությունը հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Ըստ Լ. Զուրաբյանի, «իշխանությունները նման քայլի են դիմել այն բանից հետո, երբ մամուլում հրապարակվել է փաստահավաք խմբի առաջին զեկույցը, որն ուղարկված է եղել «Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին»:
Ասուլիսին ներկա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ով ներկայացրեց հայտարարության բովանդակությունը, նշեց, որ «մայիսի 4-ին փստահավաք խմբի անդամներ` Վահե Ստեփանյանը, Ռոբերտ Ավագյանը և Գևորգ Թովմասյանը փաստահավաք խմբի գործունեությունը կարգավորող կարգադրությամբ սահմանվող աշխատանքային կարգի խախտումով, առանց որևէ ծանրակշիռ հիմնավորում ներկայացնելու, ինչպես իրենք են հայտարարել` ժամանակավորապես, դադարեցրել են աշխատանքը փաստահավաք խմբում»:
«Մենք մտահոգված ենք նման զարգացումով և լուրջ հիմքեր ունենք հայտարարելու, որ այդ քայլը կատարվել է իշխանությունների ճնշման ներքո: Մեր այս համոզմունքը հատկապես խորացնում է այն հանգամանքը, որ փաստահավաք խմբի վերոնշյալ անդամները նման քայլի են դիմել այն բանից հետո, երբ փաստահավաք խումբն իր ուսումնասիրությունների առաջին արդյունքը` Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքներին վերաբերող նյութերն, ուղարկել է «Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող» խորհրդարանական հանձնաժողով, որոնք հրապարակվեցին մամուլում»,- ասվում է հայտարարությունում:
Ներկայացված հայտարարությունում նաև նշվում է, որ «մարտի 1-ի սպանությունների հանգամանքների բացահայտման ժամանակավոր կասեցումը անընդունելի է և չի կարող արդարացվել ո’չ բարոյապես, ո’չ քաղաքական նկատառումներով, քանի որ փաստահավաք խումբը պատասխանատվություն է կրում և զոհերի հարազատների առջև, և ամբողջ հասարակության առջև` ժամ առաջ ճշմարտությունը բացահայտելու առումով»:
«Մենք դատապարտում ենք իշխանության փորձերը վիժեցնելու փաստահավաք խմբի բնականոն աշխատանքը, հատկապես այն ժամանակաշրջանում, երբ խմբի աշխատանքը սկսել է տալ իր առաջին պաշտոնական արդյունքները: Պահանջում ենք իշխանություններից անմիջապես դադարեցնել փաստահավաք խմբի աշխատանքի նկատմամբ բոլոր խոչընդոտները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` փաստահավաք խմբի բնականոն գործունեության անհապաղ վերականգման համար», - այսպես է ամփոփվում ՀԱԿ-ի և «Ժառանգություն» կուսակցության համատեղ հայտարարությունը:
Ս. Սաֆարյնը տեղեկացրեց նաև, որ այսօր, երբ ինքն ԱԺ-ից դուրս է եկել, ԱԺ անցակետում հանդիպել է փաստահավաք խմբում ՀԱԿ-ի և «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներին, որոնց անվտանգության աշխատակիցներն արգելել են գնալ ԱԺ-ում գտնվող իրենց աշխատասենյակը, քանի որ «իրենք գտնվում են արձակուրդում»:
«Արձանագրենք, որ այս պահի դրությամբ փաստահավաք խմբում ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներին խոչընդոտվում է մտնել ԱԺ` նրանց հատկացված աշխատանքի վայր, այն բացատրությամբ, որ փաստահավաք խումբը պետք է ժամանակավորապես կասեցնի իր գործունեությունը ժամանակավոր արձակուրդի տեսքով»,- հայտնեց Ս. Սաֆարյանն ու նշեց, որ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները «ներկա դրությամբ պարզաբանումներ են խնդրել ԱԺ ղեկավարությունից նման հրամանի օրինականության և թույլատվության վերաբերյալ», որոնք օրվա ընթացքում կներկայացվեն հասարակությանը:
05.05.2009, 16:01
No comments:
Post a Comment