
Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 107 ուսանողներ այսօր Հայ օգնության միության (ՀՕՄ) կողմից դրամական պարգևներ ստացան` յուրաքանչյուրը հարյուրական ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկացրեց ՀՕՄ շրջանային վարչության փոխատենապետուհի Մարինե Համբարձումյանը` ՀՕՄ-ը կազմակերպում է այս դրամական նվիրատվությունը 1992 թ-ից այն ուսանողների համար, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, սովորում են պետական, բայց վճարովի համակարգում և չեն կարողանում վճարել ուսման վարձը:
Այսօր դրամական պարգև ստացած ուսանողներից ոմանք ՀՕՄ-ի «Լավագույն ուսանող» ծրագրի շրջանակում առաջին տարին չէ, որ օժանդակություն են ստանում: Նշենք նաև, որ «Լավագույն ուսանող» ծրագիրն իրականացվում է ՀՕՄ շրջանային վարչությունը կենտրոնական վարչության հետ համատեղ:
Մ. Համբարձումյանի խոսքերի համաձայն` իրենք գտնում են բարերարներ, ովքեր սատարում են հայաստանյան անվճարունակ ուսանողներին: Խնդիրը միայն այն է, որ բարերարները հիմնականում սփյուռքահայերն են, իսկ եթե օժանդակեն նաև հայաստանաբնակները, ապա իրենք կկարողանան օգնել ավելի մեծ թվով ուսանողների:
Տեղեկացնենք, որ ուսանողների ընտրությունը կատարվում է ոչ թե ըստ մասնագիտությունների, այլ ըստ բարձր առաջադիմության, ինչն անհրաժեշտ պայման է: Հաշվի է առնվում նաև ուսանողի սոցաիալական ծանր վիճակը և միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ լինելու հանգամանքը:
Մ. Համբարձումյանը նշեց նաև, որ օժանդակություն ստացող ուսանողների թիվը և հատկացվելիք գումարի չափը պայմանավորված է բարերարների կողմից հատկացված գումարի չափով:
«Եթե հավաքված գումարը շատ է, ապա մենք ավելի շատ գումար ենք հատկացնում», - բացատրեց Մ. Համբարձումյանը:
27.05.2009, 14:55
No comments:
Post a Comment