Tuesday, May 19, 2009

Այս գիշեր թանգարանները բաց են բոլորի համար









Այսօր Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ ամենամյա «Թանգարանների գիշեր» համաշխարհային միջոցառմանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության 23 թանգարաններ, որտեղ, ընդհանուր առմամբ, կանցկացվի 48 ինքնատիպ միջոցառում ու ցուցադրություն: Թանգարանների մուտքն այսօր երեկոյան ժամը 18:00-24:00-ն անվճար է:

Տեղեկացնենք, որ «Թանգարանների գիշեր» նախագիծը սկիզբ է առել 1999 թ-ից Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով: Առաջարկի համաձայն` գարնանային որևէ կիրակի օր ֆրանսիական թանգարաններում հասարակության համար անվճար «բաց դռների» օր էր հայտարարվելու: Արդեն 5-րդ տարին է, ինչ Հայաստանը միացել է աշխարհի շուրջ 40 երկրների հազարավոր թանգարանների միաժամանակյա ակցիային:

Հայաստանի ամեն մի թանգարանն այսօր իր այցելուի համար յուրահատուկ տոն է կազմակերպել: Անմասն չեն մնացել նաև հոբելյարները: Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի 140-ամյակնների կապակցությամբ Հայաստանի Ազգային պատկերասրահը կազմակերպել է «Հովհ. Թումանյան և Կոմիտաս» ցուցահանդեսի բացում, ինչպես նաև` երաժշտական երեկո, իսկ Հ. Թումանյանի թանգարանում անցկացվելու է գրական երեկո:

Բացի այդ, թումանյանական հեքիաթների բեմականացումներ են կազմակերպել ինչպես ամենայն հայոց բանաստեղծի անվան թանգարանում ու թանգարանի աստիճանների վրա, այնպես էլ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Իսկ երեկոյան ժամը 20:00-ից Թումանյանի անվան թանգարանում տեղի կունենա «Բամբիռ» և «Դորիանս» խմբերի համերգը:

Երվանդ Քոչարի 110-ամյակի կապակցությամբ Երվանդ Քոչարի անվան թանգարանում ներկայացվելու է «Մելանխոլիա» քանդակը և կինոնկար ու տեսաֆիլմ «Սասունցի Դավիթ» մոնումենտալ քանդակի մասին:

Չմոռանանք հիշեցնել, որ Մինաս Ավետիսյանի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացված են Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունները, իսկ Երևանի պատմության թանգարանում նրա որդու` նկարիչ Նարեկ Ավետիսյանի «Ետդարձ» ցուցահանդեսը: Մինաս Ավետիսյանին նվիրված ցուցահանդեսից բացի, այսօր Երևանի պատմության թանգարանում Ն. Ավետիսյանի հետ քննարկումներ են կազմակերպվելու:

Հարկ է հիշեցնել նաև, որ «Թանգարանների գիշեր» միջոցառմանը միացել են նաև Հանրապետության մարզերում գործող թանգարանները: Այսպես, օրինակ` Սյունիքի մարզի Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը ներկայացնելու է «Մանուշակագույն հորիզոններ» խորագրով հանդիպումներ: Շիրակի մարզում` Գյումրիում` Մերկուրովի տուն-թանգարանում կներկայացվի «20-րդ դարի նշանավոր մարդիկ» խորագիրը կրող Հովսեփ Քարշի լուսանկարների ցուցահանդեսը, իսկ Երանուհի և Մարիամ Ասլամազյանների պատկերասրահում տեղի կունենա դասական համերգ և «Հետգրություն» խորագիրը կրող ցուցահանդեսի ու ֆիլմի ցուցադրություն:

Նշենք նաև, որ այս տարի միջոցառումներին սատարում է Եվրոպայի խորհուրդը, որը նշում է իր ստեղծման 60-ամյակը, իսկ Եվրոպայի Խորհրդի նախաձեռնությանն առաջին անգամ միանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

16.05.2009, 16:51

Aysor.am

No comments:

Post a Comment