
«Եթե պարոն Նիկոյանը պետք է դառնա փոխխոսնակ, ապա իրենից կպահանջվի ավելի սկզբունքային լինել, քան մինչ այսօր: Եթե Ս. Նիկոյանը պատրաստ է, ապա մենք դա կտեսնենք նրա առաջին աշխատանքային օրերից», - հայտարարեց ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը` ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրված Սամվել Նիկոյանի մասին:
Լ. Ալավերդյանը նշեց, որ Ս. Նիկոյանի «դրական կողմերի մասին չէ, որ պետք է խոսվի, քանի որ կենաց չենք ասում», այլ պետք է արձանագրվի, որ ԱԺ-ն «ունի սկզբունքայնության պակաս»: Նա իր ելույթում նշեց, որ ԱԺ պատգամավորների կողմից միշտ չէ, որ որոշումներ են ընդունվում` ըստ սկզբունքների, այլ` ըստ «պայմանավորվածությունների»: Այդ է պատճառը, ըստ Լ. Ալավերդյանի, որ «ավելին է պահանջվելու նորանշանակ ԱԺ նախագահի տեղակալից»:
Լ. Ալավերդյանն իր խոսքում անդրադարձավ նաև պատգամավորների բացակայություններին և պատգամավորների կողմից` «մեկը մյուսի փոխարեն կոճակ սեղմելու» երևույթներին: Նա նշեց, որ նույնիսկ չի ճանաչում «իրեն բարևողներից շատերին, ովքեր ասում են, որ իրենք ԱԺ պատգամավոր են»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, արձագանքելով Լ. Ալավերդյանի ելույթին, նկատողություն արեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորին` խստորեն խնդրելով` «սրանից հետո անվանական խոսել, և անունով նշել, այն պատգամավորին, ում տեսել և չի ճանաչել»:
«Եթե հիշողության հետ խնդիրներ ունեք, դիմեք բժշկի: Չի կարելի ասել, պատգամավորին տեսել եմ, չգիտեմ` ով է: Խնդրում եմ, մի քիչ կոռեկտ եղեք», - ասաց Հ. Աբրահամյանը:
Ի պատասխան, Լ. Ալավերդյանը հորդորեց «ամոթանք տալ այն պատգամավորներին, ովքեր հազվագյուտ են գալիս կամ չեն գալիս» խորհրդարան: Նա նշեց, որ չի կարող անվանական նշել այդ պատգամավորներին, քանի որ նրանց «չի ճանաչում»:
«Ստերին չափ կա: Չի կարելի մարդկանց վիրավորել: Հետո ԱԺ-ի արժանապատվության մասին եք խոսում. ի՞նչ արժանապատվություն: Մի պատգամավորի պատճառով, ընդհանուր խոսելով, բոլոր պատգամավորների աշխատանքը հավասարեցնում եք հողին»,- ասաց Հ. Աբրահամյանն ու կրկին հորդորեց` իրեն հանձնել այն պատգամավորների անունները, ում Լ. Ալավերդյանն ինկատի ունի, և ինքն անձամբ կկշտամբի վերջիններին:
«Դուք գիտեք, որ անարդար եք այս հարցում, խնդրում եմ մի փոքր օբյեկտիվ եղեք», - Հ. Աբրահամյանի հայտարարությանը Լ. Ալավերդյանը հակադարձեց. «Ուրեմն անողն արդա՞ր է, ասողն` անարդա՞ր: Այստեղ են ասել, անողը պրծավ, ասողը` ոչ»:
18.05.2009, 15:46
No comments:
Post a Comment