Thursday, May 28, 2009

Ա. Աշոտյանի երազանքը շքեղ մեքենան չէր, այլ արևելագետ դառնալը














«10-րդ դասարանում երազում էի դառնալ արևելագետ, սակայն արդեն մեկ տարի առաջ ծնողական խորհուրդը` որպես ավանդական որոշում կայացնող մարմին, մտածել էր, որ ընտանիքում տարիներ շարունակ գեթ մեկ բժիշկ չի եղել, և քանի որ ես կարող էի ընդունվել այնտեղ, որտեղ իրենք կորոշեին, որոշեցին, որ լավ կլինի, որ Աշոտյանների գերդաստանում բժիշկ լինի», - դպրոցն ավարտելուց հետ մեծ կյանքի շեմին ունեցած երազանքների մասին լրագրողների հետ կիսվեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

17 տարի անց ստացվում է այնպես, որ Ա. Աշոտյանի ծնողների ցանկությունը չի իրականացել, բայց Ա. Աշոտյանին փոխարինելու է եկել կրտսեր քույրը, ով բժշկական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի է:

«Անկեղծ ասած, ես այն կարծիքին եմ, որ ընտրությունը պետք է կատարի երեխան` լսելով ծնողների, տատիկ-պապիկների, հարևանների խրատները: Յուրաքանչյուր մարդ պետք է զգա, թե որն է իր առաքելությունը և ինչպիսին է ինքը, և ինչպիսի ցանկություն ունի ապագայի հետ կապված», - բացատրեց Ա. Աշոտյանը:

Նախարարն անդրադարձավ այն դեպքերին, երբ շատ հաճախ մասնագետներն ավարտում են բուհերը, հետո ստիպված վերապատրաստվում են կամ ընտրում են այլ մասնագիտական ուղի: Նա նշեց, որ այդ հանգամանքը` նպատակային կրթությունը և ստացված մարդկային ռեսուրսի մաքսիմալ ներգրավումը տնտեսության և հասարակության մեջ, կլինի պետական քաղաքականության ուշադրության կենտրոնում:

Ա. Աշոտյանի խոսքերի համաձայն` իր համար վիրավորական չի լինի, եթե շրջանավարտը, դպրոցն ավարտելիս, մտածի ոչ թե գիտելիքներ ձեռք բերելու, այլ շքեզ մեքենա ունենալու մասին: Նա համոզված է, որ քիչ չեն այն դեպքերը, երբ, նույնիսկ Հայաստնաի շրջաններից Երևան եկած շրջանավարտները ստանում են բարձրագույն կրթություն, դառնում որակյալ մասնագետներ և վաստակում են իրենց բարեկեցիկ ապագան` այդ թվում նաև թանկարժեք մեքենա:

«Թանկարժեք մեքենան միջոց է, և այս երեխաների արժեհամակարգի մեջ նույնպես պետք է այդպիսի ընկալում ունենա, իսկ գիտելիքով կյանքի և բարեկեցության համար վաստակած ցանկացած հարմարություն ողջունելի է», - իր կարծիքն արտահայտեց Ա. Աշոտյանը:

23.05.2009, 16:18

Aysor.am

No comments:

Post a Comment