«Հորդորում եմ բոլոր ստուգող մարմինների ղեկավարներին ու կառույցների աշխատակիցներին քաղաքակիրթ և կոռեկտ վերաբերմունք ունենալ գործատուի նկատմամբ: Պետք է հաշվի առնել, որ գործատուներն են այս երկրի բյուջեն ապահովում»,- հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ում վրդովեցրել էր ««Հաստատագրված վճարումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրինագծի վերաբերյալ Կառավարության հայտնած բացասական եզրակացությունը:
Հիշեցնենք, որ Կառավարության եզրակացությունը ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Հ. Աբրահամյանը, նշելով, թե «քաղաքական գործիչ դառնալն, իհարկե, բախտի հետ կապ ունի, բայց պատահական մարդը չի կարող դառնալ գործարար», հայտնեց իր կարծիքն այն մասին, որ «բոլոր ստուգող մարմինների ղեկավարները պետք է հասկանան, որ այդ մեխանիզմներն իրենց տրված են ոչ թե անձնական խնդիրները լուծելու, այլ` օրենքը պահպանելու համար»:
Անդրադառնալով քննարկվող օրինագծին` ԱԺ նախագահը մի շարք հարցադրումներ ներկայացրեց. «Ի՞նչ է նշանակում գազի կորուստ: Մենք խոսում ենք մի կառույցի մասին, որն ընդհանրապես իր կորուստների մասին չի մտածում, չի անհանգստանում, ինչու՞ մենք պետք է սկսենք մտածել: Ինչ է` դու՞ք ավելի շատ եք մտածում, ինքն իր սեփական ապրանքի մասին չի՞ մտածում, հա՞»:
Դիմելով Արմեն Ալավերդյանին` Հ. Աբրահամյանն անհասկանալի համարեց նրա մոտեցումները: Նա նշեց, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը կիսում է այն կարծիքը, որ պետք է «հարգվեն գործատուների շահերը»:
«Չի կարելի բոլորին գող ու ավազակ համարել: Իհարկե, դուք ուղղակիորեն չեք ասում, բայց ոչ մեկին չեք վստահում»,- ընդգծեց ԱԺ նախագահն ու հավելեց. «Ես կողմ եմ այն բանին, որ պետք է վստահել, հետո պատժել նրանց, ովքեր կխախտեն օրենքը»:
Ամփոփելով իր ելույթը` Հ. Աբրահամյանը նկատեց, որ «պետք է բարձրացնել վստահությունը հարկատու մարմինների և հարկատուների միջև»: Նա նշեց նաև, որ Կառավարությունը «կարող է ունենալ իր տեսակետը, բայց այն կարող է չընդունվել ԱԺ-ի կողմից»:
21.05.2009, 18:00
No comments:
Post a Comment