Tuesday, May 26, 2009

Քաղաքացիական ծառայության մասին օրինագիծը «լրամշակման կարիք ունի»

«Շատ կարևոր է այն հանգամանքը, որ կրտսեր պաշտոններին ներկայացված պահանջները շատ պարզ են. ընդամենը պահանջվում է Սահմանադրության և Քաղաքացիական ծառայության օրենսդրության իմացություն: Բնականաբար, արդեն համապատասխան մարմինն ունենում է ավելի լայն հնարավորություն` կադրային բավականին մեծ բազայից ընտրություն կատարելու»,- հայտարարեց ԱԺ պատգամավոր Արտակ Վարդանյանը` «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը հայտնելու ժամանակ:

Տեղեկացնենք, որ ԱԺ չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի մայիսի 18-21-ը քառօրյայի այսօրվա նիստում քննարկվող այս օրինագծի փոփոխություններն, ընդհանուր առմամբ, վերաբերում են քաղաքացիական ծառայության համակարգում բաց և փակ մրցույթների գաղափարը ներմուծելուն: Այս հանգամանքը միտված է նպաստելու համակարգում կադրերի առաջխաղացմանը:

Նախագծով նախատեսվում է, որ կրտսեր պաշտոններում նշանակումներ կատարելու համար անցկացվեն ընդհանուր, բաց մրցույթներ և թեստավորման արդյունքում 90 և ավելի տոկոս ստացած մասնակիցներին կտրվի 1 տարի գործողության ժամկետ ունեցող հավաստագիր: Կրտսեր թափուր պաշտոնը այսուհետև կզբաղեցվի առանց մրցույթի` աշխատակազմի ղեկավարը հավաստագիր ունեցող ցանկացած անձի կարող է նշանակել այդ պաշտոնում:

«Այս տրամաբանությանը, սակայն, հակասում է մրցույթների անցկացումը առաջատար, գլխավոր և բարձրագույն պաշտոնների ժամանակ ներմուծվող նորամուծությունը»,- ընդգծեց Ա. Դավթյանը:

Նշենք, որ նախագծով մրցութային և ատեստավորման գործընթացներում համապատասխան մարմնի դերի և պատասխանատվության աստիճանի բարձրացման նպատակով հանձնաժողովներում համապատասխան մարմնի ներկայացուցիչները կլինեն 3-ը, իսկ քաղաքացիական ծառայության խորհուրդը կունենա մեկ ներկայացուցիչ: Այս պարագայում մրցույթների (բաց կամ փակ) արդյունքում կճանաչվի մեկ հաղթող:

«Փակ մրցույթների անցկացումը նախատեսված է միայն առաջատար պաշտոնների համար և այստեղ ևս հանձնաժողովն ուներ մի շարք հարցեր` կապված փակ մրցույթի անցկացման հետ»,- մանրամասնեց Ա. Դավթյանը և ներկայացրեց այն հիմնական փոփոխությունները, որոնք կատարվել են քաղաքացիական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար:

«Կարևորելով ներկայացված օրինագիծը` հանձնաժողովը վիճահարույց այս բոլոր հարցերի առումով ակնկալում է պատգամավորների գրավոր առաջարկությունները, որոնք նախատեսվող խորհրդարանական լսումների ժամանակ ծավալված քննարկումներից հետո կնպաստեն նախագիծը լրամշակելուն և երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում ներկայացնելուն»,- ասաց Ա. Դավթյանը:

20.05.2009, 18:37

Aysor.am

No comments:

Post a Comment