
«Մեկ կադր-մեկ րոպե» ամենամյա կինոփառատոնը մեկնարկեց երեկ` ՆՓԱԿ-ում: Հիմնադրվելով 2003 թ-ին և ունենալով ընդամենը 13 մասնակից` «Մեկ կադր-մեկ րոպե» կինոփառատոնը տարեց տարի ընդլայնել է իր ծավալները: Այս տարի փառատոնին, ընդհանուր առմամբ, ներկայացված են 500 ֆիլմեր, որոնցից ավելի քան 100-ը մրցութային են:
Հայաստանի, ԱՊՀ-ի և եվրոպական մի շարք երկրների փորձարարական կինոարտադրողների հարյուրավոր ֆիլմեր ամեն տարի միավորվում են այս փառատոնի շրջանակներում: Այս տարի մինչև մայսիսի 24-ը տեղի կունենան ոչ միայն կինոդիտումներ, այլև ֆիլմերի հեղինակների հետ քննարկումներ, ինչպես նաև` վարպետության դասեր կինոռեժիսորների և կինոքննադատների գլխավորությամբ:
Հատկանշական է, որ փառատոնի տասնյակ հեղինակների ֆիլմեր ցուցադրվել են աշխարհի տարբեր կինոֆոռումներում և մրցանակների արժանացել: Նրա խորհրդանիշը Գեղամա լեռներում հայտնաբերված 5000 ամյա ժայռապատկերից վերակերտված բրոնզաձույլ արձանիկն է:
Փառատոնի սահմանափակումն է 60 վայրկյան ժամանակահատվածը և առանց մոնտաժի ֆիլմ ներկայացնելը: Հեղինակը օժտված է կինոլեզվի հիմնական տարրերից օգտվելու, խոսքի ազատությամբ, առավել քիչ տեխնիկական, ֆինանսական ծախսերի ու ժամանակի օգտագործմամբ ամբողջական ֆիլմ արտադրելու բացառիկ հնարավորությամբ:
Տեղեկացնենք, որ փառատոնի մրցութային ծրագիրը բաղկացած է «Մեկ կադր», «Կարճ ֆիլմեր» և «Կինո առանց սահմանի» անվանակարգերից, որոնցում հաղթողներին տրվում է փառատոնի խորհրդանիշ արձաիկը և դիպլոմ: Բացի այդ կան ևս երկու անվանակարգեր` «Մասնակից հեղինակների մրցանակ» ու «Լրագրողների համակրանք», որոնց հաղթողներին տրվում է դիպլոմ:
Հարկ է նշել նաև, որ փառատոնը, լինելով արտադրական, հայտ ներկայացրած հեղինակին օժանդակում է սցենարը, նկարահանումը և մոնտաժն իրականացնելու գործում: Սա է թերևս պատճառը, որ արդյունքում, կարծես, ավանդույթ է դարձել այն, որ ֆիլմերի գերակշռող մասը դեբյուտներ են:
18.05.2009, 18:36
No comments:
Post a Comment