Wednesday, May 6, 2009

Ա. Ադիբեկյանը և Խ. Գալստյանը բանավիճեցին

«Ես տվել եմ 20 վարկանիշներից 6-ը, որոնք չեն վերաբերում այն բանին, թե կուսակցությանը ձայն կտա՞ն, թե ոչ, ուղղակի նկարագրել եմ այն իրավիճակը, որում գտնվում են մրցակիցները: Այդ թվերը դեռ ոչինչ չեն նշանակում, քանի որ դեռ կան ևս 14 գործոններ»,- մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով հեռուստատեսությամբ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած այն խոստմանը, թե նա «Ահարոն Ադիբեկյանին կտա մեկ միլիոն դոլար կամ դրամ, եթե վերջինս ապացուցի, որ իր կուսակցության վարկանիշը ցածր է»:

Ա. Ադիբեկյանը նշեց, որ հաղորդավարը, հարցը ձևակերպելիս, սխալ է ներկայացրել իր տված ցուցանիշները: Նա ընդգծեց, որ ինքը «դեռ վարկանիշ չի տվել, քանի որ դրանց կայունությունը դեռ պետք է հաստատվի, որոնց հրապարակումից հետո էլ հնարավոր կլինի վիճարկել Գ. Ծառուկյանի հետ»:

Միևնույն ժամանակ նա արտահայտեց այն տեսակետը, թե Գ. Ծառուկյանը, եթե «լուրջ խաղացող լիներ, ապա պետք է ունենար նման սոցհարցումներ` նախընտրական քարոզարշավը կազմակերպելու համար»: Ընդգծելով, որ իրենից պետք է շնորհակալություն հայտնեն ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական գործիչները, Ա. Ադիբեկյանը հիշեցրեց, որ իր տված վարկանիշների համաձայն, օրինակ, ԲՀԿ վարկանիշն ավելի բարձր է, քան կուսակցության ընտրացուցակը գլխավորող Հարություն Քուշկյանինը:

«Դժբախտաբար, եթե ես վատ վարկանիշ տված լինեի, ես կգայի «Շանթ», կհաստատեի վարկանիշս և կստանայի խոստացված գումարը: Ես ուղղակի ցավում եմ, որ նման վարկանշով քաղաքական գործիչը, ռեստորանային մտածելակերպով փորձում է մտնել քաղաքական վերնախավի առաջին շարքը, ղեկավարել մի ուժ, որը հավակնում է լինել, եթե ոչ առաջինը, այլ երկորդը և սոցիոլոգին համեմատում է ռեստորանային նվագախմբի հետ, որը կարող է իր համար երգել «Թագավոր ախպոր մասին», - հայտարարեց Ա. Ադիբեկյանը:

Ա. Ադիբեկյանը կոչ արեց ԲՀԿ ղեկավարին իրեն խոստացված գումարի 5 տոկոսը տալ անկախ միջազգային սոցիոլոգիական որևէ կենտրոնի և այդպիսով փորձել ապացուցել, որ «Ծառուկյանն ամենատաղանդավոր քաղաքական գործիչն է, որ նրա կուսակցությունը ամենավարկանշայինն է, որ Քուշկյանն է ամենաանցողիկ քաղաքապետն է, եթե ինքն այդքան վստահ է իր վրա»:

Ասուլիսին ներկա էր նաև Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը, ով Ա. Ադիբեկյանի բացատրությունները լսելուց հետո, սոցիոլոգին «Ստիբեկյան» անվանելով, հայտարարեց, որ վերջինս, վարկանիշները ներկայացնելիս, ճիշտ մոտեցումներ չի կիրառել:

«Ներկայացված սոցիոլոգիական հարցման վերջին աղյուսակում ֆիքսված է, որ «բնակչության սպասումները լուծելու ունակությամբ» ԲՀԿ-ն գտնվում է երկրորդ տեղում», - Ա. Ադիբեկյանի ներկայացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքից մեջբերում կատարելով` ասաց Խ. Գալստյանն, ընդգծելով, որ, եթե Ադիբեկյանը կարողանար ապացուցել, թե ԲՀԿ վարկանիշը ցածր է, ապա «պարոն Ծառուկյանը նրան կտար 1 միլիոն դրամն էլ, 1 միլիոն դոլարն էլ»:

Ա. Ադիբեկյանը, նորից բացատրելով իրավիճակը, պահանջեց իրենից ներողություն խնդրել «Ստիբեկյան» անվանելու համար ու հավելեց. «Դու պարտավոր էիր, բայց Ծառուկյանին չես իրազեկել, թե ես իրականում ինչ եմ ասել: Բացի այդ, անցյալ ընտրություններին դուք խաբում էիք Ծառուկյանին, թե ինքը 300 հազար անդամ ունի, երբ որ ամբողջ Հայաստանում իրենց կուսակցության անդամ են համարում 120 հազար հոգի: Բայց Ծառուկյանը հավատում էր: Խի՞ եք էդ մարդուն խաբում»:

Խ. Գալստյանը հրաժարվեց Ա. Ադիբեկյանից ներողություն խնդրել: Նա ընդգծեց, որ «որպես կանոն` պատվիրատուների երաժշտությունն ավելի երկար են նվագում»:

«Ես որպես գիտնական, քաղաքագետ հարգանքով եմ վերաբերվում սոցիոլոգի գիտությանը, բայց այդ գիտությունը Հայաստանում դեռ չկայացած, խնդիր ունի թաղվելու: Այնպես, որ զգույշ կլինեք», - հայտնեց Գ. Ծառուկյանի մամլո խոսնակը:

Ի պատասխան սոցիոլոգը նշեց, որ «իրենք (Aysor` ԲՀԿ-ն) մութ սենյակում սև կատու են ման գալիս», որին անդրադարձ լսեց Խ. Գալստյանի խոսքը, որ «Ադիբեկյանը թող իրեն չհամարի միակ սոցիոլոգը»:

06.05.2009, 15:19

Aysor.am

No comments:

Post a Comment